Հարց քաղաքացիներից` անձն իրավունք ունի՞ փոխելու սոցփաթեթի հաշիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` եթե անձն օգտվում է սոցիալական փաթեթի ծառայություններից, ապա նա իրավունք ունի՞ փոխելու սոցփաթեթի հաշիվը:

Լիլիթ Հունանյան (32 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հունանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար լրացվում է նոր դիմում: Սոցփաթեթի հաշիվը կարելի է փոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան սոցիալական փաթեթի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Այս դեպքում աշխատողը դիմումի հետ միասին ներկայացնում է նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք, ինչպես նաև սոցփաթեթի նախկին հաշիվն սպասարկող բանկից տեղեկանք պարտավորություններ չունենալու վերաբերյալ:

Սոցփաթեթի հաշիվը փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք: Այդ տեղեկանքի հիման վրա սոցփաթեթի հաշիվն սպասարկող նախկին բանկն աշխատողի սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները փոխանցում է սոցփաթեթի հաշիվն սպասարկող նոր բանկի սոցփաթեթի հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները հնարավոր է կանխիկացնել կամ փոխանցել ցանկացած ուղղություններով միայն աշխատողի կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու եւ սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:




Լրահոս