Շիրակավանի նախկին գյուղապետը հայտնվել է մեղադրյալի աթոռին. ինչում է նա մեղադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Շիրակավանի նախկին գյուղապետ Մարատ Մկրտչյանն ու համայնքի ներկայիս վարչական ներկայացուցիչ Սլավիկ Վարոսյանը հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում: Նշենք, որ Սլավիկ Վարոսյանը նախկինում եղել է Շիրակավանի գյուղապետարանի հաշվապահը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկուսի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Բանն այն է, որ նախկին եւ ներկա պաշտոնյաները կասկածվում են սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաեւ համայնքում անցկացվող միջոցառումների համար հատկացված գումարը հափշտակելու մեջ: Խոսքը 2.5 մլն դրամի մասին է:

Սակայն ինքը Մարատ Մկրտչյանը իր նկատմամբ քրեական գործ հարուցվելու մասին առաջինը տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթից: «Ես տեղյակ չեմ, աղջիկ ջան, տեղեկություն չունեմ: Չէ՛, նման բան չկա: Եթե քրեական գործ է հարուցվել, թող քննություն անեն, պարզեն: Չէ՛, ես կապ չունեմ ոչ մի բանի հետ»,- զարմացած հայտարարեց նախկին գյուղապետը: Ապա զրույցի ընթացքում վրդովվեց`նշելով. «Աղջիկ ջան, ես գյուղ եմ սարքել, քանդված էր: Ի՞նչ հափշտակել, մեռնիմ ջանիդ, նման բան կարելի՞ է ասել: Դուք Շիրակավանը չգիտեիք, թե ինչ էր… ես եկեղեցի եմ կառուցել գյուղում, մարդկանց ապահովել եմ մշտական ջրով, գյուղի փողոցներն եմ լուսավորությամբ ապահովել, ընտիր գյուղ եմ սարքել, ի՞նչ հափշտակություն…Հիմա ինչ կուզեն, կըսեն, բայց հո ամեն բան ըսելով չի՞»:

Իսկ ահա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի Շիրակավան համայնքի նախկին ղեկավարի ու հաշվապահի կողմից խոշոր չափերով յուրացման եղանակներով ենթադրյալ հափշտակություն կատարելու վերաբերյալ:

Ըստ մարզի դատախազի նախապատրաստված նյութերի` Շիրակի մարզի ավագ դատախազ Գ. Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Այն, ի դեպ, նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս