Իրավապահներն ընթացք են տալիս նախկինում կատարված աղկահարույց գործերին. ինչ բացահայտումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը սկսել է մեկը մյուսի հետեւից ընթացք տալ նախկինում կատարված աղկահարույց գործերին, հատկապես, երբ դրանցում ներգրավված են եղել պաշտոնատար անձինք: Իսկ այդ գործերը հիմնականում կրակոցների, հարձակումների, մարդկաց մարմնական վնասվածքներ պատճառելու դրվագներով են:

Եվ այսպես` ՀՀ գլխավոր դատախազի կողմից, նոր ի հայտ եկած հանգամանքներով պայմանավորված, վերացվել է դեռեւս 2007թ. տեղի ունեցած կրակոցների մասով հարուցված քրեական գործը, որում շոշափվում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի անունը: Մասնավորապես 2007թ. ապրիլի 1-ի երեկոյան, Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դավիթ Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղեւոնդյանը, եւ նրանք հաշտվել են, ուստի գործն էլ կարճվել էր: Սակայն 11 տարի անց իրավիճակ է փոխվել:

2018 թվականի հունիսի 29-ին Դավիթ Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն` խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում: Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել եւ մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղեւոնդյանը, այլ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, որը Սերժ Սարգսյանի եղբոր որդին է: Արդյունքում, որոշում է կայացվել կարճման որոշումը վերացնել եւ նոր քննություն իրականացնել: Ի դեպ, 11 տարի անց քնից արթնացած Դավիթ Սիմոնյանը այնքան էլ պատահական մարդ չէ: Վերջինս 2009 թվականին` ընտրությունների ժամանակ, հարձակվել էր ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի վրա եւ այդ արարքի համար ենթարկվել վարչական պատասխանատվության եւ ընտրություններին մշտապես եղել է ՀՀԿ վստահված անձ:

Սա թերեւս միակ դեպքը չէ, որ իրավապահները նոր ընթացք են տալիս: Մասնավորապես դատախազը, ի թիվս այլ գործերի, հանձնարարել է ակտիվացնել նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը, որի նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից եւ փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաեւ հանձնարարվել է այս գործի շրջանակներում եւս ստեղծել դատախազների խումբ:

Ամենայն հավանականությամբ քննության կառնվի նաեւ Գորիսի ոստիկանապետի կողմից իր տեղակալի եղբորը ծեծի ենթարկելու գործը: Բանն այն է, որ ծեծի ենթարկվածի հարազատները դիմում են ներկայացրել իրավապահներին, նոր ընթացք տված գործերի մեջ է նաեւ Պռոշյան համայնքի դաշնակցական ղեկավար Հրաչ Մուրադյանի առեղծվածային սպանությունը, այս գործը վերաբացելու ակնկալիքով ՀՅԴ ղեկավար կազմը վերջերս հանդիպել էր իրավապահներին:

Քնար Մանուկյան




Լրահոս