«Իրատես» թերթը գրում է. «Ցանկացած փոքր կամ մեծ, ոչ նշանակալի կամ սկանդալային կոռուպցիոն բացահայտում ինքնանպատակ չի լինում։ Ըստ տրամաբանության, թաքստոցից լույս աշխարհ դուրս բերված փողերը մեկ ճանապարհ ունեն` պետբյուջե։ Մեկ ամսից ավելի, գրեթե ամեն օր, սկանդալային կոռուպցիոն բացահայտումներ են արվում։ Հետաքրքիր է` հայտնաբերված գումարներն արդեն հավաքագրվե՞լ են, թե՞ ոչ։
«Այո, հավաքագրվել են»,- կառավարության նիստից հետո, պատասխանելով մեր հարցին, վստահեցրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, չնշելով, թե կոնկրետ որքան գումար է մուտքագրվել պետբյուջե։ Ի դեպ, վատ չէր լինի, եթե այս առնչությամբ մարդկանց հաշվետվություն ներկայացվեր, քանի որ դրանք, մի կողմից, հարկատուների` ժողովրդի միջոցներն են, մյուս կողմից էլ, այդ միջոցները թոշակների, նպաստների, այլ ծառայությունների տեսքով պետք է վերադառնան նույն հարկատուներին` ժողովրդին։
Բնականաբար, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման գործում հիմնարար նշանակություն ունեն տնտեսական զարգացումները, եւ պատահական չէ, որ բարեփոխված սահմանադրությամբ երկրի վարչապետը նաեւ տնտեսական զարգացումների պատասխանատուն է։ Այս ամենը նկատի ունենալով` առաջին փոխվարչապետից փորձեցինք ճշտել` տնտեսական ի՞նչ զարգացումներ են նախանշվում։ «Տնտեսական զարգացումների հետագա քաղաքականությունն այժմ քննարկումների եւ մշակումների փուլում է»,- հավաստիացրեց Արարատ Միրզոյանը, վստահեցնելով, որ այն առաջիկայում կմանրամասնվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: