ՖՈՏՈ. Նախարար Սուրեն Պապիկյա՞նն է կանգնած շատինցի ՀՀԿ-ականի թիկունքին. ինչ է պատմում համայնքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 օրից ավելի է՝ Վայոց ձորիԵղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը չի կարողանում գյուղապետարան մուտք գործել, որը գտնվում է Շատինում։ Պատճառն այն է, որ նախորդ տարվա նոյեմբերին կայացած ընտրություններում Ստեփանյանին պարտված թեկնածու Տիգրան Խուդոյանը չի հաշտվում իրողության հետ։

Վերջինիս մտերիմները օրեր շարունակ փակ են պահում գյուղապետարանի մուտքը։ ArmLur.am-ը զրուցել է համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հետ։ «20-25 հոգի երիտասարդներ փակել են դեպի գյուղապետարան տանող ճանապարհը եւ դրանով խոչընդոտում եմ մեր աշխատանքներին։ Չնայած դրան՝ մենք շարունակում ենք զբաղվել համայնքի հարցերով, կարգավորել խնդիրները։

Այդ մարդիկ այս քայլով ուզում են, որ ես հրաժարական տամ, բայց ինչո՞ւ պիտի ես նման բան անեմ, երբ վայելում եմ իմ ժողովրդի վստահությունը։ Այդ ակցիան իրականացնողներն ասում են, որ ես չպիտք է 400 հազար դրամ աշխատավարձ ստանամ։ Գիտեք ինչ՝ ես հիմա 12 համայնքների միացման արդյունքում Եղեգիս խոշորացված համայնքն եմ ղեկավարում։ Իսկ երբ Տիգրան Խուդոյանն էր միայն մեկ՝ Շատին համայնքի ղեկավարը, նա ստանում էր 350 հազար դրամ աշխատավարձ»,- ասաց համայնքի ղեկավարը։

Ստեփանյանը շեշտեց, որ շատինցիները աշխատասեր, քարից հաց քամող, հրաշալի ժողովուրդ են, պարզապես մի քանի երիտասարդներ կան, որոնք ինչ-ինչ շահերից ելնելով ցանկանում են խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքին։ Նշենք, որ Տիգրան Խուդոյանը ցանկանում է Արթուր Ստեփանյանի փոխարեն գյուղապետ դառնալ, այդ պատճառով շարունակում է բողոքի ակցիաներ հրահրել։

ArmLur.am-ը զրուցեց նաեւ Շատինի բնակիչ Աշոտ Ղահրամանյանի հետ։ «Գյուղապետը նորմալ աշխատում է։ Գիշերային լուսավորության հարցն է կարգավորել, շուտով այլ խնդիրներ է լուծելու։ Բայց Տիգրան Խուդոյանի մերձավորները չեն թողնում, որ գյուղապետարանը բնականոն աշխատի։ Եվ ես վստահ եմ, որ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն է կանգնած Խուդոյանի թիկունքին, որը ՀՀԿ անդամ է։ Պապիկյանների նմանների պատճառով մեր գյուղում հիմա վատ իրավիճակ է։ Մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն արեց ամբողջ երկրում, բայց գիտեք՝ Վայոց ձորում ոչինչ չի փոխվել։ Այստեղ կրկին ՀՀԿ-ականներն են փորձում իշխել»,- նշեց Շատինի բնակիչը։

Նա հույս ունի, որ վարչապետի միջոցով խնդիրը կլուծվի, եւ արհեստական լարվածություն գյուղում այլեւս չի լինի։




Լրահոս