Տևական ժամանակ է՝ «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է` Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում: Այն փաստաթղթերով Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչի սեփականությունն է, սակայն փաստացի Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանին է պատկանում:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս հեռուստաընկերության խնդիրներին, տեղեկացրել, որ այն հարկային տեսչությանը, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին ընդհանուր առմամբ շուրջ 7 միլիոն դրամի պարտք ունի: Տավուշցիներին հասանելի չեն նաեւ Իջեւանի «Իջեւան ստուդիա» եւ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունների ծրագրերը:

Դրանք փոքր տարածքի հեռուստալսարանի համար հեռարձակում էին անալոգային հաղորդումներ, մարզի բնակիչները այժմ դիտում են միայն թվային հեռուստահաղորդումներ: «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիո հաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջով հայց է ներկայացրել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այդ հայցով հերթական նախնական նիստը նշանակված է հուլիսի 31-ին: Տավուշի մարզում տեղական որեւէ ռադիոընկերություն չի գործում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս