«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, անդրադառնալով նախարարության չարաշահումներին, հայտնեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ-ն եւս ուսումնասիրություններ է կատարում, եւ արդեն կան երկու դեպք, որոնք գտնվում են այդ կառույցի ուշադրության կենտրոնում: Իսկ թե կոնկրետ որ ոլորտների հետ էր կապված, կամ արդյոք նախկին նախարարի գործունեության հետ է կապված, նախարարը չմանրամասնեց` նշելով, թե այլ հարցեր տվեք: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` բացահայտումները կապված են նախկին նախարարի գործունեության հետ, մասնավորապես այն, որ նախարարությունում հրդեհը մարող փրփուրներ չեն եղել, եւ որ դրանք վաճառվել են ավտոլվացման կետերին, ինչպես նաեւ նախարարության աշխատակիցներին հասանելիք համազգեստները անվճար տրամադրելու փոխարեն վաճառել են նրանց:
«Ժողովուրդ» օրաթերթը Արտակագ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց նախարարությունում իր կողմից իրականացված բացահայտումների մասին:
-Պարո՛ն Ռոստոմյան, ըստ մեզ հասած տեղեկությունների` Ձեր նշանակումից հետո Դուք բացահայտել եք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում հրդեհը մարող փրփուր չկա, եւ այն վաճառել են ավտոլվացման կետերին:
-Բոլոր գործերը գտնվում են համապատասխան տեղերում:
-Համապատասխան տեղերը որտե՞ղ են կոնկրետ, օրինակ, Ազգային անվտանգության ծառայությունո՞ւմ, թե՞ այլ տեղ:
-Այո՛, այնտեղ:
-Դուք նաեւ բացահայտել եք, որ նախարարության աշխատակիցներին իրենց հասանելիք անվճար համազգեստը վաճառել են:
-Ես նման տեղեկություն չունեմ:
-Այսինքն` նման բացահայտում չե՞ք արել:
-Բոլոր գործերով զբաղվում են համապատասխան կառույցները:
զրուցեց Քնար Մանուկյանը