ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ կամ ի՞նչը հասցրեց «Տրանսգազի» Կոլյային ինքնասպանության. հարազատները շոկի մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրությանը հայտնի Ճվճվ Արո մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանի եւ նրա հարազատների շուրջ առեղծվածային դեպքերը բազմաթիվ հարցեր են առաջացնում: Բանն այն է, որ 2017 թվականին առեղծվածային պայմաններում մահացավ ՃվՃվ Արոն, 2018 թվականին ավտովթարի հետեւանքով կալանքի տակ հայտնվեցին նրա որդիները, իսկ ահա երեկ Արամի 48 հասցեում հայտնաբերվեց նրա կնոջ` Նաիրա Վարդանյանի հոր` «Տրանսգազե» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի դին:

Նախ` ամենասկզբից

Այն, որ ԲՀԿ-ական նախկին ներկայացուցիչ Արա Վարդանյանի` Ճվճվ Արոյի որդիները` Սարգիս եւ Սերժ Վարդանյանները, պարբերաբար հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, գաղտնիք չէ:

2013 թվականից Երեւանի ավագանու ԲՀԿ-ական նախկին ներկայացուցիչ Արա Վարդանյանի` Ճվճվ Արոյի որդիներից Սերժ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` թմրանյութեր պահելու եւ օգտագործելու հատկանիշներով: Սակայն Վարդանյանների ընտանիքը չէր պատրաստվում լռել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ճվճվ Արոյի կինը` Նաիրա Վարդանյանը, հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են իրենց որդուն կրկին հետազոտման ենթարկել: Տիկին Նաիրան իր որդուն սուրբ չէր համարել, սակայն նշել էր, որ կատարվածը դասել էր աբսուրդի ժանրին. «Մեքենան վատ են վարել կամ սխալ բան են արել, ես չեմ ասում, որ նման բան չկա, բայց թմրանյութ օգտագործել…

Սերժն այդ երեխան չէ, նա շատ աշխույժ տղա է, բայց նման բաներից շատ հեռու է: Ինչ ուզում են` գրեն, ինձ էլ չի հետաքրքրում….: Ես չգիտեմ, թե ինչ են ուզում մեզանից, մեր տղաներն աշխույժ են, մի քանի անգամ աչքի են ընկել: Բայց, դե, չեմ ուզում ասել, թե իմ երեխաներին ինչի աղբյուր են սարքել»: Այս դեպքերից հետո տղաները չխաղաղվեցին, եւ իրավապահները նրանց մեքենան արագ վարելու, իրավապահներին չենթարկվելու համար մշտապես բերման էին ենթարկում, սակայն ինչպես ցույց էր տալիս իրավիճակը` գործերը կարճվում էին, կամ տղաները կարողանում էին իրենց հարցերը կարգավորել իրավապահների հետ:

Ճվճվ Արոյի դին գտան բնակարանում

Ու մինչ իրավապահները տարվա մեջ մի քանի անգամ մեքենան արագ վարելու, ավտովթարները ստեղծելու եւ նմանօրինակ այլ հարցերով բերման էի ենթարկում Արամ Վարդանյանի որդիներին, տեղի ունեցավ հերթական զարմանալի դեպքը: 2017 թվականի հուլիսի 7-ին` ժամը 19:47-ին սահմաններում, Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարանից հայտնաբերվեց Երեւան քաղաքի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արո մականվամբ հայտնի 52-ամյա Արա Վարդանյանի դին: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել էին Արա Վարդանյանի դին: Դեպքից հետո սկսեցին վարկածներ շրջանառվել, թե ինչը կարող էր լինել Արա Վարդանյանի մահվան պատճառը:

Վարկած առաջին` Արա Վարդանյանը առողջական խնդիրներ ուներ, վարկած երկրորդ` Ճվճվ Արոյի մահը վրա է հասել թմրանյութերի չարաշահման հետեւանքով, վարկած երրորդ` Արա Վարդանյանը մտերիմների պատճառով մշտապես հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, միգուցե այս անգամ նա որեւէ մեկին էր խանգարել եւ այս ճակատագրին արժանացավ: Ինչեւէ, նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ըստ մահվան բժշկական վկայականի` Արա Վարդանյանը մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից: Արդյունքում Վարդանյանի մահվան հանգամանքերը պարզելու համար Կենտորնի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվել, սակայն կարճ ժամանակ անց մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել էր հանցադեպի բացակայության հիմքով: Ասել է, թե այդպես էլ մնաց օդից կախված, թե ում ձեռք չէր տալիս Ճվճվ Արոյի կյանքը:

Հոր մահն ու որդիների կալանավորումը

ՃվՃ Արոյի մահից հետո` 2018 թվականին, հերթական աղմկալի իրադարձությունը արձանագրվեց. հունվարի 8-ին` ժամը 4:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW X6 մակնիշի 35NT388 համարանիշի եւ Ճանապարհային ոստիկանության Toyota մակնիշի 243II02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որի արդյունքում երկու ոստիկան մահացավ: Ավտովթարի հետեւանքով կալանավորվեց Սարգիս Վարդանյանը: Ավելի ուշ իրավապահները կալանավորեցին Արա Վարդանյանի մյուս որդուն` Սերժ Վարդանյանին, եւ նրան մեղադրանք առաջադրեցին, որ նա 2017թ. սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Հր. Քոչար փողոցի 44/2 հասցեի դիմաց կայանցած Կարեն Գասպարյանի կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի` 148.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան: Վերջիններիս գործով նախաքննությունը ավարտվել է, տղաները մինչ օրս կալանքի տակ են, գործը ուղարկվել է դատարան եւ այժմ գտնվում է դատաքննության փուլում:

Գազի Կոլյան ինքնասպան է եղել

Թոռնիկների կալանքից 6 ամիս անց Վարդանյանների ընտանիքում հերթական առեղծվածային դեպքը եղավ: 2018 թվականի հուլիսի 09-ի առավոտյան իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը: Նրա դին հայտնաբերվել էր գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ատրճանակը գտնվել է տուժածի դիակի մոտ:

Արդյունքում` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ` ինքնասպանության հասցնել, եւ 235-րդ հոդվածների 1-ին մասով` ապօրինի զենք, նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Այն, որ Նիկոլայ Գաբրիելյանի մահը բազմաթիվ հարցեր է բարձրացնում եւ մնում է առեղծվածային, անժխտելի իրողություն է: Թոռնիկների կալանավորումից հետո վերջինս մշտապես իր մտերիմների շրջանում ասել է, որ իր թոռնիկների գլխին սարքում են, եւ տղաները որեւէ դիտավորյալ բան չեն արել, որ նրանց ապօրինի զրկում են անազատությունից:

Ավելին` ըստ մեզ հասած լուրերի` տղաների կալանավորումից հետո տեղեկություններ տարածվեցին, որ նրանք ՔԿՀ-ում թղթախաղ են խաղացել եւ պարտվել են: Արդյունքում` պարտքը վճարելու համար տղաները գումարի դիմաց տվել են իրենց թանկարժեք վզնոցները: Որքանով են հավաստի այս տեղեկությունները, դժվար է ասել. դա պետք է պարզեն իրավապահները:

Արդյո՞ք թոռնիկների հետ կատարվածը Նիկոլայ Գաբրիելյանին հասցրեց այս օրվան, թե վերջինս այլ խնդիրներ է ունեցել, ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ քննության փուլում հարուցված քրեական գործը վերաորակվի, ասել է, թե պարզվի` նրան սպանել են:

Հարազատները շոկի մեջ են

Դեպքից հետո «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածի մասով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 10:30-ի սահմաններում, ավելին` ըստ նախնական վարկածի` դեպքի վայր ժամանած իրավապահները արձանագրել են, որ նա ինքնասպան է եղել` կրակելով բերանի մեջ: Ինչեւէ, իրավապահները դեպքից հետո փորձել են հարցաքննել նրա հարազատներին` հասկանալու համար, թե նա ի՞նչ խնդիրներ է ունեցել, ո՞ւմ հետ է ունեցել, ինչի՞ց է բողոքել եւ այլ հարցեր, սակայն քննիչներին չի հաջողվել որեւէ հարցաքննություն իրականացնել, քանի որ կատարվածը այն աստիճան շոկ է եղել ընտանիքի համար, որ նրանք ի վիճակի չեն որեւէ ցուցմունք տալ:

Ի դեպ, ըստ լուրերի` զենքը, որով կրակել է Գաբրիելյանը, պարգեւատրված զենք է, սակայն իրավապահները դեռեւս չունեն այն համապատասխան ապացույցները, որ զենքը, որի միջոցով ինքնասպան է եղել Գազի Կոլյան, պատկանել է նրան կամ, ի վերջո, ինչպես է նա ձեռք բերել այդ զենքը: Ուստի այս պահի դրությամբ իրավապահները ապօրինի զենքի հատկանիշներով են հարուցել քրեական գործ, մինչեւ համապատասխան ապացույցների ձեռքբերումը:

Քնար Մանուկյան




Լրահոս