ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ո՞վ իրավունք ունի ստանալ եռամսյակային հրատապ օգնություն, ո՞վ կարող է դիմել` օգնություն ստանալու համար: Եվ խնդրում եմ ասեք` ո՞վ է (որ մարմինը) նշանակում եռամսյակային հրատապ օգնությունը:
Հրանուշ Մխիթարյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մխիթարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից ցածր եւ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել` եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Եռամսյակային հրատապ օգնության չափը 16.000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով եւ վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ կան օրենքով սահմանված հիմքեր, որոնց առկայությամբ եռամսակային օգնության վճարումը դադարեցվում է: Եռամսյակային հրատապ օգնության վճարումը դադարեցվում է տվյալ եռամսյակի ընթացքում հետեւյալ դեպքերում.
1) սահմանված ժամկետն այդ եռամսյակի ընթացքում լրանալու եւ անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) չներկայացվելու դեպքում.
2) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում.
3) ընտանիքի անապահովության միավորն այդ եռամսյակի ընթացքում «0» դառնալու դեպքում. 4) ընտանիքի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում:
Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից: