ՀԱՐՑ. Ես ուզում եմ հստակ ծանոթանալ ծայառողական քննության կողմերի պարտականություններին: Ինչպիսի՞ պարտականություններ ունեն կողմերը:
Հայկ Խաչատրյան (40 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Խաչատրյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության կողմը պարտավոր է`
ա) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայանալ քննության կատարման վայր եւ տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների եւ ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.
բ) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայացնել քննության համար անհրաժեշտ իր մոտ եղած առարկաները եւ փաստաթղթերը.
գ) ենթարկվել ծառայողական քննություն վարողի` ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված պահանջներին:
Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարել փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ: Նշենք, որ զննություն կատարվում է նաեւ այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով` նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին: