Հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքի վերսկսումը՝ հրամայական. անգործության հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում մենք անդրադարձել էինք Հակակոռուպցիոն խորհրդի եւ դրան կից անկախ փորձագիտական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման կարեւորությանը: Ներկա վարչապետը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 19 փետրվարի 2015 թվականի N 165-Ն որոշման, ավտոմատ հանդիսանում է նաեւ խորհրդի նախագահը, այն խորհրդի, որը փաստորեն անգործության է մատնված այսօր:

Մի շարք հակակոռուպցիոն միջոցառումներ, որոնք հաստատվել են նախկին կառավարության որոշումներով, փոխանակ ավելի կատարելագործված ու զարգացած ձեւով իրականացվեն, հակառակը, բոլորովին չեն կատարվում, կամ լիակատար ձեւով խախտված է դրանց կատարման ժամանակացույցը: Նույնիսկ մեր հարցմանը, թե արդյոք այդ մասին տեղյակ է պարոն վարչապետը, նրա մամլո խոսնակ Արման Եղոյանը որեւէ որոշակի պատասխան չտվեց: Այնինչ, հաշվի առնելով ներկա կառավարության եւ վարչապետի բազմաթիվ ելույթները, ըստ որի կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարված է առաջնահերթություն` կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված ցանկացած կառույցի աշխատանք, որը միտված կլինի կոռուպցիայի մակարդակի իջեցմանը, պետք է գտնվեր կառավարության ուշադրության կենտրոնում:

Այս առումով կցանկանայինք անդրադառնալ առողջապահության ոլորտի մի բնագավառի կոռուպցիոն դրսեւորումներին ու ռիսկերին, որի մասին, մեր հարցմանը ի պատասխան, խորհրդին կից միակ եւ վերջին գործող անկախ փորձագիտական հանձնախմբի առողջապահության փորձագետը նշեց, որ իր զեկույցները տրամադրել է խորհրդին: Խոսքը հայաստանում գործող ախտաբանաանատոմիական բաժանմունքների, կամ, այլ կերպ ասած, դիահերձարանների գործունեության մասին է:

Լինելով բուժծառայություն` այն ենթակա է լիցենզավորման:

Որպես բուժծառայություն` այն մի շարք դեպքերում իր ծառայությունների համար ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից, որը նշանակում է, որ այն պետք է բավարարի որոշակի ստանդարտների: Դրանցից ամենաառաջինը այն է, թե ինչպիսի շենքային պայմաններում են այդ ծառայությունները մատուցվում: Այն իրավական կարգավորում է ստացել նախարարի հրամանով, որը ենթադրում է, որ այդ պահանջների բացակայության դեպքում բաժանմունքը չի կարող գործունեություն ծավալել:

Սակայն Հայաստանի մի շարք վայրերում ու մարզերում, նայելով դիահերձարաններին, ասել որ դրանք առողջապահական հիմնարկներ են իրենցից ներկայացնում, որտեղ պահպանվում են իրավակարգավորումներով նախատեսված միկրոկլիմային, օդափոխանակությանը, ջրամատակարարմանը եւ ջրահեռացմանը, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջները, պետք է լինել առնվազն անմեղսունակ: Դրանք ուղղակի շինություններ են, որոնք որեւէ քննադատության չեն դիմանում: Առողջապահության գործակալությունը եւ առողջապահական տեսչական մարմինը, որոնք կոչված են հսկելու բուժծառայության որակը, ուղղակի անգործության են մատնված: Եվ այս պայմաններում արված ծառայության համար պետությունը բյուջեից գումար է փոխանցում, այսինքն` տեղի է ունենում բյուջետային միջոցների անարդյունավետ ծախս:

Կարեւոր է նաեւ, թե ինչպիսի ախտորոշիչ լաբորատորիաներ ու սարքավորումներով են հագեցած ախտաբանաանատոմիական բաժանմունքները: Մի շարք ախտաբանաանատոմիական բաժանմունքներում չկան այդ ծառայության բաղադրիչ հանդիսացող հյուսվածքաբանական լաբորատորիաներ, եւ անհրաժեշտության դեպքում օգտվում են բուժհաստատության ընդհանուր լաբորատորիայի հյուսվածքաբանի ծառայություններից:Շատերը իրենց վերջին սարքավորումը ստացել են «ցար Նիկոլայի» ժամանակ:

Խոսել այդպիսի ախտորոշիչ սարքավորումներով կատարված բուժծառայության որակյալ լինելու մասին, միեւնունն է, թե արդարացնել քարի դարի միջոցներով հիվանդին վիրահատելու եղանակի որակյալ լինելը: Եվ նորից կրկնենք, որ այս պայմաններում արված ծառայության համար պետությունը բյուջեից գումար է փոխանցում, այսինքն` տեղի է ունենում բյուջետային միջոցների անարդյունավետ ծախս:
Մի շարք մարզերում պաթանատոմները բացակայում են, եւ նրանց «փոխարինում» են դատական բժիշկները: Սա նույնն է, որ հոգեբույժին փոխարինի նյարդաբանը: Դրանք երկու տարբեր մասնագիտություններ են:

Սա նույնպես ծառայության որակի հետ կապված կոռուպցիոն ռիսկ է պարունակում, քանի որ արված ծառայության համար պետությունը բյուջեից գումար է փոխանցում: Շատ ավելի ծանր վիճակ է բիոթափոնների հեռացման գործընթացը: Ախտաբանաանատոմիական բաժանմունքների մեծ մասում չի պահպանված կեղտաջրերի մաքրման եւ վարակազերծման կայանի առկայության պահանջը, լվացքատան ու նրա սարքավորումներին առաջադրվող պահանջները, նախաախտաբանաանատոմիական բաժանմունքի, ֆիքսացիոնի, սանհանգույց-ցնցուղարանի, բժշկական թափոնների պահման շենքերին առաջադրվող պահանջները:

Եվ նորից կրկնենք, որ այս պայմաններում արված ծառայության համար պետությունը բյուջեից գումար է փոխանցում, այսինքն տեղի է ունենում բյուջետային միջոցների անարդյունավետ ծախս:
Բժշկական թափոնների (հեռացված օրգանների, հյուսվածքների) պահպանման, ոչնչացման գործընթացի հետ կապված խնդիրները մի ողջ քննարկման նյութ է, այդ պատճառով այս մեր հոդվածում դրան մանրակրկիտ չենք անդրադառնա: Միայն նշենք, որ բիոթափոնները ենթակա են հատուկ կայաններում ոչնչացման, եւ ամեն մի բուժհիմնարկություն պարտավոր է նախքան գործունեություն իրականացնելը պայմանագիր ունենալ այդպիսի լիցենզավորված կազմակերպության հետ:

Թվով հարյուրավոր բուժհաստատություններ, չգիտես, թե ինչպես են ոչնչացնում իրենց բիոթափոնները, երբ Հայաստանում կան բիոլոգիական թափոնները ոչնչացնող միայն մի քանի կազմակերպություններ: Եվ նորից կրկնենք, որ այս ծառայության համար պետությունը բյուջեից նույնպես գումար է փոխանցում: Կոռուպցիոն ռիսկերից ամենատարածվածներից է նաեւ պետպատվերի արտոնությունից օգտվող դիահերձումների ժամանակ ստվերային վճարումները աշխատակազմին: Սա ավելի շատ ոչ թե կոռուպցիոն ռիսկ է, այլ դրամաշորթություն, որի արմատները շատ ավելի խորն են: Օրինակ` անհասկանալի է, թե ինչպես է, որ պաթանատոմը (եւ հիվանդանոցը) նույն միջամտության համար ստանում է տարբեր վարձատրություն պետպատվերի արտոնություն ունեցող հաշմանդամության խումբ ունեցող հիվանդից (ովչի վճարում) 10.200 դրամ, չունեցողից` 23.500 դրամ:

Անհապաղ ուշադրության է արժանի տնային մահերի «դիահերձումների» կազմակերպումը, որը պարունակում է մի շարք կոռուպցիոն ռիսկեր: Թե ինչ հիմքերով են դրանք թույլատրվում, ովքեր են դրանց կատարողները, ինչպես են այդպիսի դեպքերում տեղական իշխանության ներկայացուցիչները թույլատրում թաղում իրականացնել, մնում է թողնել շատերի երեւակայությանը այդ գործընթացում կոռուպցիոն ռիսկերի քանակի ու տեսակների առումով:

Մենք ընթերցողին ներկայացրինք մի շարք ռիսկեր այս ոլորտում, որոնք բոլորովին էլ ամբողջական չեն: Այս բնագավառի ռիսկերին մանրամասն անդրադարձել են Հակակոռուպցիոն խորհրդի եւ դրան կից անկախ փորձագիտական հանձնաժողովի անդամները, հանձնաժողով, որը, ցավոք, այսօր չի գործում: Սրանով ցանկանում էինք ցույց տալ հանձնաժողովի կատարված աշխատանքների կարեւորությունը եւ ակտուալությունը:

Լիլիթ Ավետիսյան




Լրահոս