Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ իրավիճակը գնալով հստականում է: Արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկայում կառույցը նոր ղեկավար կունենա: Ընդ որում, Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը տեղավորվում է նոր Հայաստանի տրամաբանության մեջ:
Առաջին անգամ` դեռեւս ՀՖՖ տարեկան ժողովից օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ ամեն ինչ պետք է լինի ֆուտբոլասերների սրտով, նրանց ցանկությամբ: Իսկ դա ուղիղ ակնարկ էր հենց Ռուբեն Հայրապետյանին` եթե ֆուտբոլասերները չցանկանան, ապա հրաժարականն անխուսափելի է: Եվ մինչ բոլորն անհամբեր սպասում էին ՀՖՖ տարեկան ժողովին, պարզվեց, որ այդ օրն ամենեւին էլ ՀՖՖ նախագահի ընտրություններ չեն լինելու, եւ հնարավոր ժամկետները փետրվարին են:
Սակայն նոր Հայաստանում իրավիճակը փոխվում է օր օրի, եւ այսօր արդեն Ռուբեն Հայրապետյանի վաղաժամ հեռանալն անխուսափելի է: Օրեր առաջ` կրկին ուղիղ եթերի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արդեն բաց տեքստով ասաց, որ այդ կառույցում փոփոխություններն անխուսափելի են: Եւ արդեն երեկ հայտնի դարձավ, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ նիստ է անցկացվել, որին 15 անդամներից մասնակցել են 10-ը։ Նիստին ներկա չեն եղել Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը, Վիկտոր Դալլաքյանը, Բագրատ Նավոյանն ու Սամվել Ալեքսանյանը։
Եվ զարմանալի չէ, որ նիստի հիմնական թեման եղել է Ռուբեն Հայրապետյանի հարցը: Վերջինս իր գործընկերներին հայտարարել է, թե պատրաստ է հրաժարվել այդ պաշտոնից, եթե առաջիկա նիստում արժանավոր թեկնածուներ լինեն: Ընդ որում, այդ դեպքում նա պատրաստակամություն է հայտնել այդ դեպքում առհասարակ թեկնածություն չառաջադրել:
Այս պահի դրությամբ ամենահավանական թեկնածուն համարվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, եւ այդ մասին լրագրողների հետ զրույցում չի հերքել նաեւ Ռուբեն Հայրապետյանը` ասելով. «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջեւ կանգնած ենք», – ասել է Ռուբեն Հայրապետյանը:
Եվ եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ մինչեւ վերջերս ՀՖՖ նախագահի 3 թեկնածուի անուն էր շրջանառվում, ապա Արթուր Վանեցյանի վրա կանգ առնելու որոշումը պայմանավորված է եղել հենց իշխանությանը մոտ լինելով: Մինչ այդ հիմնական հավակնորդները երեքն էին` Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ալեն Պողոսյանը, ՌԴ ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Սուրի Ջորկաեւը: Սակայն վերջնական արդյունքում ընտրությունը կանգ կառնի հենց Վանեցյանի վրա:
Մեր տեղեկություններով` երեկ գործկոմի անդամները մտահոգություն են հայտնել այն առումով, որ Արթուր Վանեցյանը ֆուտբոլային աշխարհից չէ, սակայն Ռուբեն Հայրապետյանը շտապել է հանգստացնել նրանց` ասելով, թե կարող է ֆուտբոլային աշխարհում երբեւէ եղած չլինի, բայց ցանկություն ունենա, որպեսզի հայկական ֆուտբոլը առաջ գնա: Վանեցյանն ինքը այնքան էլ դեմ չէ դա եւս համատեղելուն: Ամեն դեպքում, երեկ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը լրատվամիջոցներին փոխանցել էր` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի առաջադրման հարցը գուցե քննարկվի, եթե գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական ներկայացնի կամ տեղի ունենան ֆեդերացիայի ղեկավարի նոր ընտրություններ: Հավելենք նաեւ, որ Վանեցյանի թեկնածությունն այնքան էլ անսպասելի չէ, եւ պատահական չէր, որ Երեւանում հուլիսի 8-ին տեղի ունեցած Լեգենդների խաղի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր հենց ԱԱԾ պետը, այլ ոչ թե, օրինակ, սպորտի եւ երիտասարդության նախարարը, որեւէ այլ պաշտոնյա կամ էլ անգամ Ռուբեն Հայրապետյանը:
Սակայն նոր ընտրություններն էլ սարերի հետեւում չեն: Նախ երեկվա նիստում քննարկել են հենց ՀՖՖ արտահերթ ժողով անցկացնելու հարցը, քանի որ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխությունների, համաձայն որի` ՀՖՖ-ն, որպես իրավաբանական անձանց միություն, պետք է մինչեւ 2019թ-ի փետրվար ամիսը վերակազմակերպվի Հասարակական կազմակերպության: Հենց այդ գործընթացն էլ ուղեկցվելու է ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի ընտրությամբ: Եվ երեկ որոշում է կայացվել որպես արտահերթ ժողովի անցկացման նախնական ժամանակաշրջան սահմանել 2018թ-ի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը: Այդ շրջանում կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությունները, եւ իրադարձությունների այսպիսի պարագայում կնորացվի նաեւ գործկոմի կազմը, քանի որ փաստացի անդամները նախորդ իշխանության ներկայացուցիչներն են կամ այն ժամանակվանից մնացած անձինք, որոնց փոփոխումը նոր իրողություններում եւ նոր ՀՖՖ նախագահի օրոք անխուսափելի է:
Նաիրա Հովհաննիսյան