«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է երգչուհի, դերասանուհի Ռիփփին: Մենք անդրադարձել ենք Ռիփփիի մարդ, կին տեսակին, նրա էությանը բնորոշ գծերին, ընդհանուր հետաքրքրություններին: Ռիփփին խոսել է իր կատարված երազանքի եւ ապագայի վերաբերյալ տեսլականների մասին:
-Ռիփփի՛, հիմնականում մարդիկ Ձեզ ինչպե՞ս են բնութագրում:
-Քանի որ ես փոփոխվող տեսակ եմ, իմ մասին կոնկրետ կարծիքներ չկան:
-Վերջին մեկ տարում ապրած մի պահ, որն իմաստավորել է Ձեր կյանքը:
-Շատ եմ սիրում կենդանիներ, նաեւ նրանք են իմաստավորում իմ կյանքը: Զբաղվում եմ փողոցի կենդանիների խնամքով, ի դեպ, իմ շներին էլ փողոցից եմ տուն բերել:
-Քչերը գիտեն, որ…
-Ես զբաղվում եմ պրոֆեսիոնալ ձիասպորտով: Թեեւ վերջերս ավելի շատ մարդ իմացավ այդ մասին:
-Արվեստը մարդուն հնարավորություն է տալիս…
-Անընդհատ աճելու, իր վրա աշխատելու, ինքն իրեն եւ աշխարհը ճանաչելու:
-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:
-Հոգով եւ սրտով մաքուր, դաստիարակված եւ ինտելեկտուալ մարդ: Կարծում եմ՝ եթե մարդ ինտելեկտ չունենա, մյուս հատկանիշներով էլ չի կարող օժտված լինել: Իմ բախտը բերել է, որ շատ լավ, տարիներով փորձված ընկերներ ունեմ: Դժվարին պահերին նրանք միշտ իմ կողքին են եղել:
-Կարիերայի հետ կապված մի առաջարկ եղե՞լ է, որը մերժել եք, բայց զղջում եք դրա համար:
-Շատ բաներ եմ մերժել, բայց չեմ զղջում, որովհետեւ մերժելուց առաջ բավական երկար եմ մտածել, խորհրդակցել բանիմաց մարդկանց հետ: Իհարկե, եթե այդ առաջարկներից որոշ մասը, օրինակ` ինչ-ինչ սերիալներում նկարահանվելը, ընդունեի, կարող էի դառնալ ավելի պոպուլյար եւ հնարավորություն կունենայի շատ գումար վաստակել: Բայց ես չեմ ցանկացել, որ աշխատանքս որակական առումով տուժի:
-Կինը խոցելի է, երբ…
-Այս դարում կինն արդեն խոցելի չէ, շատ ավելի ուժեղ է, ինքնուրույն, չնայած որ մեծամասնության կարծիքով աշխարհը կառավարում են տղամարդիկ: Համենայն դեպս, մեկն առանց մյուսի ապրել չեն կարող:
-Սովորաբար Ձեզ ո՞ւմ են նմանեցնում:
-Միմյանցից շատ տարբեր մարդկանց, անգամ՝ տղամարդկանց (ծիծաղում է): Դա ինձ շատ է զարմացնում: Առավել հաճախ ինձ նմանեցնում են Իրինա Շեյքին եւ Ջեսիկա Ալբային:
-Գիրք, որը փոխել է Ձեր կյանքը:
-Ստեֆան Ցվեյգի «Մարի Ստյուարտ» գործը: Եթե Մարի Ստյուարտի տեսակն ինձ դուր չէր եկել, ապա Էլիզաբեթի տեսակն ուղղակի հիացրել էր: Այդ գիրքն ընթերցելուց հետո ավելի հետաքրքրված էի նրանով: Ինձ վրա մեծ տպավորություն են գործել նաեւ Արթուր Հեյլիի բեսթսելլերները: Դրանցից մեկն, օրինակ, քաղաքականությանն է առնչվում: Երբեք չէի պատկերացնի, որ քաղաքականությունն ինձ կարող էր հետաքրքրել: Ապրելով Հայաստանում, որտեղ վերջին տարիներին քաղաքականության մեջ ինտելեկտ չկար, ես անտարբեր էի դրա նկատմամբ: Բայց հետո կարծիքս փոխեցի:
-Պատրաստ եք անմնացորդ նվիրվել այն տղամարդուն, որը…
-Ես դեռ որեւէ տղամարդու անմնացորդ չեմ նվիրվել, ինձ համար դա մի քիչ դժվար է անել: Միգուցե գա այդ ժամանակը, միգուցե ոչ:
-Շարունակե՛ք միտքը՝ «Նա, ով հավատում է իր ուժերին…»
-Կյանքում շատ առաջ կգնա:
-Եթե փախչել բոլորից, ապա դեպի…
-Բնության գիրկ:
-Մանկությունից մի հուշ, որը մոռանալ չի լինի:
-Դրանք բոլորը կապված են լուսահոգի հայրիկիս հետ: Կդժվարանամ մեկն առանձնացնել:
-21-րդ դարի մեծագույն չարիքը:
-Տգիտությունը: Շատ մեծ խնդիրներ եւ այլ չարիքներ առաջ են գալիս հենց դրանից:
-Մարդ, որից չեք դադարում սովորել:
-Հայրս: Նրանից մինչեւ օրս էլ սովորում եմ: Նրա պատգամներից շատերը հիմա նոր եմ հասկանում:
-Ձեզ համարում եք հայաստանցի, թե՞ աշխարհի քաղաքացի:
-Ես կոսմոպոլիտ եմ, նացիոնալիզմից շատ հեռու եմ, չնայած անչափ սիրում եմ իմ հողն ու ջուրը, մարդկանց:
-Այն ուղին, որն այսօր բռնել է Հայաստանը…
-Ազնիվ է ու մաքուր: Չգիտեմ՝ հետագայում ինչ կլինի, բայց կարծում եմ՝ դեպի լավն ենք գնում:
-Միշտ երազել եք…
-Բեմի վրա լինել, եւ այդ երազանքս իրականացել է:
Աննա Բաբաջանյան