Դուք ուզո՞ւմ եք, որ Պուտինը ներողություն խնդրի. եթե սադրանք է, թող փնտրի մեղավորին. ռուս վերլուծաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան առանց տեղի իշխանություններին եւ բնակիչներին նախազգուշացնելու Շիրակի մարզի Փանիկ գյուղում զորավարժություններ էր անցկացրել: Գյուղացիները խուճապի էին մատնվել: Ավելի ուշ Գյումրիում տեղակայված ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել կատարվածի համար: Սա այն բանից հետո, երբ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հայտնեց, որ հարցը Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:

Դեպքի ուսումնասիրությամբ այժմ զբաղվում է Պաշտպանության նախարարությունը, որն էլ կտրամադրի հետագա տեղեկատվությունը: Երեկ դեպքին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով. «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, եւ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, եւ կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն»:Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ռուսական կողմից հավաստիացում են ստացել, որ նման բան այլևս չի կրկնվի:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ:

-Պարո՛ն Կոլերով, ռուսական 102-րդ ռազմաբազան զորավարժություն անցկացրեց առանց նախապես այդ մասին տեղեկացնելու տեղի իշխանություններին եւ բնակչությանը: ՀՀ ԱԱԾ պետը նշել է, որ դա անփութություն է: Համամի՞տ եք դրան:

-Այն, ինչ ես կարդացել եմ հայկական աղբյուրներում, ստիպում է ինձ մտածել, որ համաձայնություն եւ նախազգուշացում եղել է: Եվ այդ մասին ռուսական կողմն ուղիղ ասում է: Միակ բանը, որ երեւի թե հստակ չի արվել, երթուղու համաձայնեցումն է: Այդ հարցով էլ Պաշտպանության նախարարը խոսել է ե՛ւ դեսպանի, ե՛ւ ռազմաբազայի ղեկավարության հետ: Եվ բոլոր անհրաժեշտ հետեւություններն արվել են: Ինչո՞ւ են այդպես վարվել` ես չգիտեմ: Կարծում եմ, որ հիմա` նոր պայմաններում, երբ նոր կառավարություն է, նոր չինովնիկներ են, ապարատային խնդիր է: Նախկինում խնդիրներ այն հարցով, որ երթուղին համաձայնեցված չէ, ես չեմ հիշում:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ կառավարության նիստին հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունեցել Փանիկ գյուղում, սադրանք է Հայաստանի ինքնիշխանության դեմ:

-Դա տեխնիկական հարց է, տեխնիկական խնդիր է: Բոլոր անհրաժեշտ հետեւություններն արված են: Պետք է հիմա փնտրել, թե ով է մեղավոր, որ համաձայնությունը հստակ չի եղել: Իսկ այն, որ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին: Կտեսնենք, թե ով է այնտեղ գլխավոր սադրիչը:

-Խնդիրն այն է, որ տեղի բնակիչները սարսափի մեջ են եղել, քանի որ չեն իմացել, որ նման բան պետք է տեղի ունենա:

-Անշուշտ, նրանք սարսափի մեջ են եղել, քանի որ ռազմական տեխնիկան հաճելի չէ:

-Ռազմաբազան ներողություն է խնդրել կատարվածի համար: Իսկ ի՞նչ եք կարծում, ՌԴ կողմից պե՞տք է այս հարցով պաշտոնական հայտարարություն լինի:

-Անշուշտ, բոլոր ներողություններն ասված են: Էլ ինչ է պետք անել: Դուք ուզում եք, որ Ձեր առջեւ Պուտինը ներողություն խնդրի: Ներողությունը եղել է բազայի կողմից: Իսկ բազան ո՞ւմ է ներկայացնում, Ռուսաստանի՞ն, թե՞ Աֆրիկային: Ես կարծում եմ, որ դա բավական է: Հատկապես որ քննությունն այն հարցով, թե ինչու է այդ համաձայնությունն այդպես ոչ ճիշտ ստացվել, դեռ չի ավարտվել: Երբ քննությունը կավարտվի, պարզ կլինի, թե որ չինովնիկներն են մեղավոր: Եթե ուզում եք շարունակել այդ կոնֆլիկտը, այդպես էլ ասեք:

-Ինչո՞ւ է մեր ռազմական դաշնակից, ավագ եղբայր Ռուսաստանն անփույթ սադրանք իրականացնում:

-Լսեք, դա սխալմունք է: Եվ մենք գիտենք, որ Գյումրու ռազմաբազայի գոյության պայմանների համաձայն` բոլոր տեղաշարժերը տեղի իշխանությունների հետ խստորեն համաձայնեցվել են նախորդ բոլոր ժամանակներում: Ով է հիմա մեղավոր` պետք է հետաքննել: Պետք է ամբողջական հետաքննություն: Ոչ մի քաղաքականություն այստեղ չկա եւ չի կարող լինել:

-Տեսակետ կա, որ այս դեպքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցի նախազգուշական պատասխանն էր:

-Դա անգամ ծիծաղելի է: Ի՞նչ է, կարծում եք, որ նախազգուշացումներ անելու համար պետք է օգտագործել այդպիսի մանր մեթոդներ: Ի՞նչ է, այլ մեթոդներ չկա՞ն..:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս