Նոր կառավարությունը չպետք է մոռանա Արտեմ Ասատրյանին. չարաշահումների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել են այնտեղի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի տնօրենը եւ պահեստապետը:

2018 թվականի հուլիսի 18-ին Քննչական կոմիտեում ստացվել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ում առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործը եւ ըստ քննչական ենթակայության` ուղարկվել ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին: Նույն օրն այն վարույթ է ընդունվել եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հարությունյանը, նախնական համաձայնության գալով նույն ՊՈԱԿ-ի պահեստապետ Վ. Նալբանդյանի հետ, վաճառել են ՊՈԱԿ-ին մատակարարված մսամթերքից 1260 կգ տավարի միսը, ինչից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին:

Բացի այդ, այս տարվա հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է նաեւ նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3569 լիտր կաթը, որից գոյացած գումարը կրկին չի մուտքագրվել կազմակերպության հաշվեհամարին: Նախնական տվյալներով` կատարված հափշտակության հետեւանքով պատճառված վնասը կազմում է 3 մլն 69 հազար 940 դրամ: Այս տարվա հուլիսի 19-ին Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը եւ պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալվել են: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 18-ին գրել էր, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի շուրջ նոր աղմուկ է հասունանում: Հայտնել էինք, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում եւ աղմկահարույց բացահայտումներ են արել: Պետք է նշել, որ ամենեւին զարմանալի չէ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գործող տուն-ինտերնատում հայտնաբերվեցին չարաշահումներ: Հայտնի է, որ մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել Սոցապնախարարությանն առնչվող հնարավոր խնդիրներին եւ հնարավոր չարաշահումներին: Ավելին` անգամ նախկին իշխանությունների օրոք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-նրում ահռելի չարաշահումներ էին հայտնաբերվել:

Օրինակ` Մարտի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հերթական չարաշահումներն են հայտնաբերվել Սոցապնախարարության ենթակայության տակ գործող «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում: Քրեական գործի շրջանակում հափշտակություն կատարելու մեղադրանք էր առաջադրվել 4 անձի այն բանի համար, որ տուն-ինտերնատում առկա ազատ հաստիքներում ձեւականորեն ձեւակերպվել էին տարբեր անձինք, ովքեր աշխատանքի չէին ներկայացել, սակայն հաշվարկվել եւ նրանց անվամբ փոխանցվել էին աշխատավարձեր: Դրանք կանխիկացվել եւ տնօրինվել էին այլ անձանց կողմից: Ավելի վաղ եւս «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում չարաշահումներ են բացահայտվել. նախորդ տարվա հունվարին էլ նույն ՊՈԱԿ-ում բացահայտվել էր, որ հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, եւ իբր նրանց համար բյուջեից ավելի քան 8.4 մլն դրամ սննդամթերքի ծախս է կատարվել:

Այդ բացահայտումների համատեքստում մշտապես շոշափվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի այն ժամանակվա նախարար ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի անունը: Բայց արի ու տես, որ նա պաշտոնանկ եղավ միայն Թավշյա հեղափոխությունից հետո: Նրան պաշտաոնանկ արեցին ոչ թե պատժելու համար, այլ որ նախկին նախարարին նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ տեսնել իր թիմում: Հնարավոր չարաշահումների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին Արտեմ Ասատրյանը դեռեւս նախարար եղած ժամանակ մշտապես խուսափում էր պատասխանել: Սակայն այժմ, երբ բացահայտվեց նախարարության ենթակայության ներքո գործող հաստատությունում առկա խնդիրը, չի բացառվում, որ բացահայտումների շղթան տանի դեպի նախկին նախարարը:

Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` թե արդյոք Արտեմ Ասատրյանին պատկանող բիզնեսներում ստուգումներ արվելու են կամ հենց նախարարության ներսում հնարավոր չարաշահումները բացահայտելու ուղղությամբ, նշեց. «Մենք հսկողական գործառույթներ իրականացնում ենք այն կազմակերպություններում կամ հարկ վճարողների մոտ, որոնց մեր ներքին ռիսկային համակարգերը բնորոշել են այդպիսին: Մենք ոչ թե գնում ենք բաժնետիրոջ կամ տիրոջ անունից ելնելով հարկ վճարողի նկատմամբ վարչարարություն իրականացնելու, այլ հարկ վճարողի վարքագծի քննարկման եւ ուսումնասիրության արդյունքում իրականացնում ենք վարչարարություն: Եթե դրա արդյունքում պարզվում է, որ այդ հարկ վճարողը բաժնեմասնակցությամբ ինչ-որ մեկին է պատկանում, մենք նաեւ քննարկում ենք, թե այդ ինչ-որ մեկն իր գործողություններով կամ անգործությամբ նպաստել է այդ հարկ վճարողի վարքագծին: Սա գործընթաց է: Դուք գալիս եք հնչողությունից, ես գալիս եմ իմ գործառույթներն իրականացնելու գաղափարով»:

Այսքանից հետո թերեւս արձանագրենք, որ նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում չպետք է մոռանա նաեւ Ասատրյանին, նրա օրոք այդ ոլորտում կատարված չարաշահումներն ու յուրացումները, այդ ամենի մեջ նախկին նախարարի մասնակցության եւ պատասխանատվության հարցը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս