Կհորդորեի իր քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները. Արարատ Միրզոյանը՝ Նարեկ Մալյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառմանն այն մասին, որ Միրզոյանի կինը ԱՄՆ է մեկնել հարկատուներիկ հաշվին: Նա Մալյանին հորդորել է  «քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը, մասնավորապես, գրել էր. «Մինչ վերլուծաբանները փորձում են հասկանալ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի իմաստը և այդ այցի հասցրած վնասները տասնյակ տարիներով կառուցած հայ-ամերիկյան հարաբերություններին, պարզվում է՝ իրականում դա առաջին փոխվարչապետի երկրորդ մեղրամիսն էր։ Հաշվի առնելով փոխվարչապետի տիկնոջ հիպերակտիվությունը՝ կարելի է ենթադրել, որ այս ընտանեկան վոյաժը շարունակական բնույթ է կրելու։ Ի դեպ, արժեր պարզել, թե փոխվարչապետի կնոջ ԱՄՆ զբոսանքը որքան է նստել ՀՀ հարկատուների վրա։ Ի վերջո, եթե եկեղեցին անջատվեց պետությունից, ապա հույս կա, որ նույնը կլինի և առաջին փոխվարչապետի տիկնոջ պարագայում»։

Իսկ Միրզոյանը գրել է. «1. Տեղեկացնեմ, որ կնոջս “զբոսանքը ԱՄՆ” եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։

2. Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը։

3. Նախկին տխրահռչակ ոստիկանապետի՝ թերևս է՛լ ավելի տխրահռչակ աշխատակից սույն երիտասարդին կհորդորեի իր քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»։




Լրահոս