Ես նման մարդ չեմ, որ ինձնից երես թեքեն. «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ ՀԿ ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Վերջինս խոստովանել էր, որ տնօրինելով 25 մլն դրամի վարկային գծով բանկային քարտը` գումարն օգտագործել է անձնական նպատակներով: Վարդանյանը հուլիսի 6-ին 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Դեպքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, Դուք զղջո՞ւմ եք կատարվածի համար: Եվ եթե չլիներ ԱԱԾ բացահայտումը, փաստորեն, Դուք շարունակելո՞ւ էիք հանգանակված գումարները սեփական նպատակներին ծառայեցնել:

-Խնդրում եմ որպես պատասխան օգտագործել իմ փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից հրապարակված նյութերը:

-Իսկ ինչո՞վ եք մտադիր զբաղվել այս դեպքերից հետո:

-Այս պահին ես դեռ կատարում եմ հանձնման եւ ընդունման աշխատանքները հիմնադրամում: Իսկ ապագան ցույց կտա: Հանգստանալ չեմ պատրաստվում:

-Այս դեպքից հետո եղա՞ն ընկերներ, որոնք երես թեքեցին Ձեզնից:

-Ո՛չ: Ես նման մարդ չեմ, որ ինձնից երես թեքեն: Կգա ժամանակ եւ ես կպատասխանեմ բոլոր հարցերին: Բայց այս պահին դեռ նախաքննություն է ընթանում:

Հ.Գ. Նշենք, որ ներկայում Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարված: Մրցույթի պայմանները եւ մրցութային հանձնաժողովի կազմը հաստատել է ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս