Վերջին օրերին ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ հնչող հայտարարությունների եւ թեմային առնչվող այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ՌԴ նախագահի նախկին ներկայացուցիչ, 1992-1996 թթ. ԼՂ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի հետ:
-Պարո՛ն Կազիմիրով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի թույլ չտալու նոր պատերազմական գործողություններ ԼՂ հակամարտության գոտում: Ի՞նչ եք կարծում` ՌԴ-ն իսկապե՞ս ունի այդ հնարավորությունը:
-Ես խորապես համոզված եմ, որ, իհարկե, Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ զարգացումների հարցում: Ռուսաստանը քիչ բան չի արել մասսայական արյունահեղությունները դադարեցնելու հարցում: Եվ, իհարկե, հետաքրքրված է այդ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցում: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես կարող են իրադարձությունները զարգանալ, Ռուսաստանը որոշակի պարտավորություններով կապված է ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Ահա իրավիճակը:
-Իսկ այժմ ՌԴ-ն օգտագործո՞ւմ է այդ հնարավորությունը, որպեսզի կանխի հնարավոր պատերազմը:
-Վերցրեք վերջին դեպքը, որ կազմակերպել էին բաքվեցիները 2016-ի ապրիլին: Ո՞վ էր զբաղվում այն հարցով, որ հնարավորինս շուտ դադարեցներ այն իրադարձությունները: Իհարկե, հենց Ռուսաստանը: Հենց Մոսկվայում հանդիպեցին շտաբերի ղեկավարները եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի դադարեցվեն այդ օպերացիաները:
-Կարծում եք` եթե Ադրբեջանը եւս մեկ անգամ որոշի սադրանքի դիմել, այդ մասին նախապես կխոսի՞ ՌԴ իշխանության հետ:
-Գիտեք` Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են ինքնուրույն կողմնորոշվել` ինչպես իրենք վարվեն, ում հետ խոսեն: Ես միայն կարող եմ ասել, որ Ռուսաստանը նման իրադարձությունների զարգացմանն անտարբեր մնալ, իհարկե, չի կարող: Մեր շահերից է բխում, դա նաեւ Ռուսաստանի ազգային շահն է, որ Կովկասում պահպանվի թեկուզ եւ հարաբերական կայունությունը: Բայց լավ կլինի հասնել լուրջ, խորապես հիմնավորված կայունության: Դա, իհարկե, շատ ցանկալի կլիներ:
-ՀՀ պաշտպանության նախարարը Edaily-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը պատրաստ է պատերազմի: Եվ ապրիլյան ագրեսիայի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է չդիմանալ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը: Սա կարո՞ղ է որպես մեսիջ դիտվել` ուղղված հակառակորդին:
-Ես կարող եմ միայն իմ անձնական տեսակետը հայտնել, որը ռուսաստանյան պաշտոնական շրջանակների տեսակետը չի արտացոլում: Ես ինքս դեմ եմ ռազմական գործողություններին: Եվ դա իմ անձնական հետաքրքրվածությունն է, որ նման գործողություններ չլինեն, քանի որ քիչ ջանք չի ներդրվել 1994 թվականին հրադադարի հասնելու համար: Ես դեմ եմ տարբեր տեսակի լեզվական հռետորաբանությանը` որ կողմից էլ որ դա լինի: Ես չեմ կարծում, որ ռազմատենչ հռետորաբանությունն ինչ-որ ձեւով դրական է ազդում ներկայիս հրադադարի վրա: Կայունություն դա չի ավելացնում, այլ` հակառակը:
-Իսկ Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը նշել է, որ առաջնագծում իրադրությունը կայուն հանգիստ է, բայց վտանգով լի: Կարծում եք` այժմ Ադրբեջանը կտրուկ քայլերի կգնա՞:
-Ինձ համար դժվար է ինչ-որ ձեւով վերլուծել ադրբեջանական ղեկավարության նպատակները: Դա կոնֆլիկտի կողմերին առնչվող հարց է: Նրանցից յուրաքանչյուրը թող չափի իր հնարավորությունները եւ փառք Աստծո, որ չեն օգտագործում այդ հնարավորությունները: Շատ վատ կլինի, եթե սկսեն օգտագործել դրանք պրակտիկայում:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Քննարկվել էին Արցախի խնդրին առնչվող հարցեր: Սա համարո՞ւմ եք ոչ պատահական եւ ըստ Ձեզ` առաջին նախագահը կարո՞ղ է այս շրջանում օգտակար խորհուրդներ տալ:
-Այո՛, կարծում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանը ու յուրաքանչյուր նախագահ կարող են պատմել` ինչպես են գործերը եղել այն ժամանակ, երբ իրենք նախագահի բարձր դիրքն էին զբաղեցնում: Բոլոր նախագահներն էլ երեւի թե մշտապես նկատի են ունեցել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը` որպես առաջնահերթ խնդիրներից մեկը: Եվ, իհարկե, նրանցից յուրաքանչյուրը պատմելու բան կունենա: Ուզում եմ ասել, որ Հայաստանում որոշ անձինք փորձում են ինձ ներքաշել այն դիսկուրսի մեջ, թե ով է մեղավոր այն բանի համար, որ ԼՂ-ն 1997 թվականից հետո չի մասնակցում բանակցային գործընթացին: Ես որեւէ կերպ չեմ արտահայտվել այդ հարցերի շուրջ: Դա Հայաստանի ներքին գործն է, եւ ես չպետք է այդ մասին արտահայտվեմ:
-Դեռեւս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում նախատեսված չէ: Սա խնդիր համարո՞ւմ եք այս շրջանում, եւ հանդիպումն ի՞նչ կարող էր տալ:
-Մինսկի խմբի ներկայիս համանախագահներն ավելի դյուրին կերպով կարող են կողմնորոշվել, թե երբ է օգտակար այդ հանդիպումը եւ երբ` դեռեւս վաղաժամ: Իհարկե, բանակցությունները, շփումը բանակցային սեղանի շուրջ շատ ավելի օգտակար է, քան միակողմանի հայտարարությունները: Իհարկե, օգտակար են հանգիստ բանակցությունները եւ կոմպրոմիսի փնտրտուքը:
-Ադրբեջանն էլ մշտապես օգտագործում է կոշտ հռետորաբանություն:
-Դե բոլոր նրանք, ովքեր ուշադրություն են դարձնում կոնֆլիկտին, ռազմատենչ հռետորաբանությունը բոլորին արդեն հայտնի է:
-Այս շրջանում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որ որեւէ դրական տեղաշարժ լինի:
-Մինչեւ ինչ-որ կոնկրետ հարցեր լուծելը` լինի դա տարածքային, լինի դա բնակիչների վերադարձ նախկին բնակավայրեր, անհրաժեշտ է լուծել ամենակարեւոր հարցը. կոնֆլիկտի լուծման ընթացքում բացառել ուժի կիրառումը: Գիտեմ, որ կողմերից մեկը չի ուզում դրան գնալ: Բայց հենց դա շանս կտա խնդրահարույց հարցերը լուծել: Պետք է օգտագործել ոչ թե ուժը, այլ գիտակցությունը:
զրուցեց Մերի Մարտիրոսյանը