Հնարավորություն կա էլի թեկնածուներ ունենալու. Լենա Նազարյանը` քաղաքապետի ընտրությունների և Ելք-ի պառակտման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, քաղաքական ուժերն այս օրերին քննարկում են Երեւանի քաղաքապետի իրենց թեկնածուի առաջադրման հարցը: Ամենաինտրիգային իրավիճակը «Ելք» դաշինքի ներսում է, քանի որ դաշինքի ուժերն առանձին-առանձին են քննարկում թեկնածուի հարցը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դաշինքն այլեւս չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանի հետ:

-Տիկի՛ն Նազարյան, քաղաքապետի Ձեր թեկնածուի անունը ե՞րբ հայտնի կլինի:

-Մյուս շաբաթ հաստատ:

-Իսկ խնդիրը ո՞րն է, որ ՔՊ վարչության նիստին թեկնածուի հարցով վերջնական որոշման չեկաք: Թեկնածուների առումով խնդիրնե՞ր կան:

-Ո՛չ, որեւէ խնդիր չկա: Պարզապես ժամանակը բավարարեց լսելու թեկնածուներից երկուսին, եւս երկուսին մենք կլսենք կիրակի, եւ դեռ հնարավորություն կա էլի թեկնածուներ ունենալու: Այդ հնարավորությունը սպառված չէ, եւ գուցե լինեն մարդիկ, ովքեր կցանկանան առաջադրվել, եւ մենք իրենց էլ պետք է լսենք:

-Կարծիքներ կան, որ լուրջ չեն վերաբերվի, եթե քաղաքապետի ՔՊ թեկնածուն լինի դերասան Հայկ Մարությանը:

-Ես կարծում եմ, որ բոլոր թեկնածուներն էլ արժանի են, որպեսզի վարչությունն իրենց լուրջ վերաբերվի եւ լսի բոլորի առաջարկները, ծրագրերը:

-Դուք առանձին եք քննարկում քաղաքապետի թեկնածուի հարցը, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններն առանձին: Ընդհանուր թեկնածու ինչո՞ւ չեք առաջադրում:

-Ամեն դեպքում, եթե անգամ դաշինքով էլ հանդես գանք, ամեն կուսակցություն պիտի ունենա իր ցուցակը, այդպես չէ՞: Հիմա քանի դեռ մենք չենք որոշել` միասին, թե առանձին ենք մասնակցում, այդ հարցն էլ է բարդ ասել: Մենք զբաղված ենք մեր կուսակցության ցուցակի ձեւավորմամբ: Վարչությունը նախ պիտի որոշի` ով է քաղաքապետի իր թեկնածուն, հետո ավագանու թեկնածուներին պիտի լսի, հավանություն տա, տեղերը որոշի:

-Իսկ ԼՀ-ից եւ «Հանրապետություն»-ից չե՞ն նշել, որ առանձին պետք է հանդես գան:

-Ես այդպիսի տեղեկություն չունեմ: Նման որոշման մասին չեն հայտնել իրենք: Իսկ եթե որոշենք միասին մասնակցել, մենք մեր կուսակցությունների ցուցակները կհամատեղենք:

-Եթե չհաջողվի դաշինքով մեկ թեկնածու առաջադրել, ստացվում է` «Ելք» դաշինքը կպառակտվի՞:

-Այս պահին «Ելք» դաշինքը կա խորհրդարանում: Իսկ Երեւանի քաղաքապետարանում նոր ավագանի է ձեւավորվելու, եւ կարող է եւ չլինել «Ելք» դաշինքը Երեւանի ավագանիում: Այսինքն` եթե առանձին մասնակցենք, չի լինի դաշինքն ավագանիում: Մենք մեր կուսակցության անունը կպահպանենք:

-«Ծառուկյան» դաշինքից որպես քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի անունն է շրջանառվում, ով բավական փորձառու գործիչ է: Կարծում եք` կա՞ այս պահին համարժեք թեկնածու, ով կարող է մրցակից լինել Զոհրաբյանին:

-Բնականաբար, մենք կարծում ենք, որ այն քաղաքական իրավիճակը, որ հիմա կա, մեզ հնարավորություն կտա ակնկալել մեծամասնություն ավագանիում: Եվ քարոզարշավի ընթացքում էլ մենք կներկայացնենք մեր թիմին, ծրագիրը: Իհարկե, չեմ կարծում` միայն այն հանգամանքը, որ ՔՊ-ն է առաջնորդել իշխանափոխություն, պիտի մեզ հնարավորություն տա, որ հաղթենք Երեւանի ավագանու ընտրություններում: Բայց, ամեն դեպքում, մենք ստացել ենք հանրության վստահությունը, եւ դա պահելու համար անչափ կարեւոր է, որ լինի քաղաքապետի շատ լավ թեկնածու եւ ընդունելի ծրագիր:

-Հիմա ՔՊ-ի համար գերխնդի՞ր է քաղաքապետի ընտրություններում հաղթելը, թե՞ պարտությունից չեք վախենում:

-Մեզ համար շատ կարեւոր է լինելու հաղթանակը, իհարկե: Բայց լինելու է ոչ թե մեր, այլ երեւանցու հաղթանակը: Մեր թիմը ծառայելու է Երեւանի քաղաքացուն:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս