ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քոչարյանը վերադարձավ Հայաստան և ապացուցեց, որ պատրաստ է ցանկացած զարգացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկիր Մեդիա հեռուտաընկերության եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ արտակարգ դրություն մտցնելու հրամանը եղել է, քանի որ սահմանադրական կարգի սպառնալիք կար, ուստի պետք էր ռազմավարական կառույցները պահպանության տակ վերցնել. «Բանակը նման դեպքերում պետք է օգտագործվի ռազմավարական շինությունների պահպանման համար, տեղեկություններ չունեմ, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ: Մենք ունենք երկու զոհ ներքին զորքերից և 8 զոհ քաղաքացիական անձանց շրջանում՝ ոստիկանների և ցուցարարների բախման արդյունքում, բայց վիրավոր չունենք զինվորների շրջանում: Հաջորդ օրն ինձ զեկուցել են, որ բանակը չի բախվել ցուցարարների հետ: Բանակի զենքերի զննությունն էլ ամբողջությամբ ցույց են տվել, որ բանակը զենք չի օգտագործել»:
Քոչարյանը նաև նշեց, որ արտակարգ դրություն մտցնելու հրամանը ստորագրել է այն ժամանակ, երբ զոհվել է ներքին զորքերի կապիտանը:
ՀՀ երկրորդ նախագահը նաև ասաց, որ, ըստ օրենքի, պետք է նախագահը խորհրդակցեր վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ. «Ես ասել եմ Վարդան Օսկանյանին, որ հնարավոր է նման բան տեղի ունենա: Չի եղել որևէ մեկը, որ զանգի, ասի, որ մի արեք, բոլորի համար պարզ էր, որ այդ վիճակն այլ կերպ հնարավոր չէր զսպել»:

Խոսելով քրեական գործի մասին՝ Քոչարյանն ասաց, որ քրեական գործի պատճառով բանակն է պախարակվում, քանի որ անտեղի, անհիմն մարտական լուրջ պատրաստվածություն անցած մարդիկ մեղադրվում են մի հանցանքի մեջ, որ չեն արել. «Փորձ է արվում փոխել պատմությունը: Այս իշխանությունը ճանապարհ փակելով եկել է իշխանության և իրավական դաշտում խոսելով օրինականությունից ծայրահեղ ապօրինի որոշումներ է կայացնում: ՀՔԾ-ի նախագահին փոխելուց հետո է այս նոր ՀՔԾ նախագահն այսպիսի որոշում կայացնում: Հետո էլ կասեն, թե իրավական գործընթացների վրա ազդեցություն չունեն»:

Քոչարյանն ասաց, որ ՀՔԾ գնացել է փաստաբանի հետ՝ ենթադրելով, որ կարող է այսպիսի սցենար առաջանալ. «Մտածում են՝ արտահերթ ընտրություններին կարող է մասնակցեմ, որոշել են չեզոքացնել, ես վերջին 10 տարում անընդհատ հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Սրանով փորձում են չեզոքացնել իմ հնարավոր մասնակցությունը քաղաքական պրոցեսներում: Մարդիկ հասկանում են, որ իմ կառավարման օրոք է զարգացել երկրի տնտեսությունը»:
Քոչարյանը նշեց այն տնտեսական ձեռքբերումները, որոնք եղել են իր կառավարման տարիներին. «Նախկին իշխանությունը ևս մտահոգ էր այս հարցով, ոնց որ իմ կերպարը հանգիստ չի տալիս, ով էլ գա իշխանության, անընդհատ ինձանից մտահոգված պետք է լինի: 10 տարի ես քննադատության եմ ենթարկվել ՀՀԿ-ի կողմից, որովհետև շատ հարցերի հետ համաձայն չէի և չէի կարող իմ կարծիքը չհայտնել»:

Քոչարյանը նաև նշեց, որ Ադրբեջանին հրճվելու առիթ են տալիս այս քրեական գործով. «ԼՂՀ նախագահը, ՀՀ երկրորդ նախագահը, ընդ որում այն նախագահը, որի օրոք ԼՂՀ-ն հաղթանակ է ունեցել, կարող է լինել բանտում շինծու մեղադրանքով, ադրբեջանիցները կհրճվեն դրանից, տվեք նրանց այդ նվերը: Սա 37 թիվն է դառնում, այս մեղադրանքն առաջին ազդանշանն է, որ մենք այդ ուղղությամբ ենք գնում: Դուք էլ զարմացաք, չէ՞, որ վաղը չէ մյուս օրը ես կարող է հայտնվում բանտում, ասեմ՝ կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ»:




Լրահոս