Հարց քաղաքացիներից` ինչպե՞ս է տեղի ունենում ամուսնալուծության գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է տեղի ունենում ամուսնալուծության գործընթացը: Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Եպրաքսիա Մանուկյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե ամուսինների միջեւ առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում: Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձեւակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով:

Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության վկայական, ամուսինների համատեղ դիմումը ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար, ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով, ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում: Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10000 ՀՀ դրամ: Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս