Մահացել է բասկետբոլի միջազգային կարգի մրցավար Մաթևոս Նիկողոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը ցավալի լուր է հայտնել.

«Այսօր հուլիսի 27-ին, 66 տարեկան հասակում, մահացել է միջազգային կարգի մրցավար Մաթևոս Նիկողոսյանը: Մաթևոս Նիկողոսյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 7-ին, Երևան քաղաքում: 70-ական թվականներին սկսել է բասկետբոլիստի կարիերան, հանդես է եկել ՖԻՄԱ ակումբում:Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, այնուհետև տեղափոխվել է Ղրղզստան և ուսանել է Ղրղզստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: 1976 թվականին, 23 տարեկան հասակում, արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ կոչմանը: 80-ական թվականներին անցել է մարզչական աշխատանքի Երևանի «Ուրարտու» սպորտային ակումբում, ինչպես նաև գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Սակայն այդ տարիներին նրան սկսել է գրավել մրցավարական աշխատանքը: 1986 թ.Նիկողոսյանին շնորհվել է «համամիութենական կատեգորիայի բասկետբոլի մրցավար» կոչումը :
Խորհրդային Միության փլուզումից հետո Մաթևոս Նիկողոսյանը բնակություն է հաստատել Ղազախստանում: Աշխատել է Կ. Ախմետովի անվան «Օլիմպիական հերթափոխի ուսումնարանում», որտեղ նա մարզել է Ղազախստանի բասկետբոլի ազգային հավաքականների խաղացողներին և զուգահեռաբար զբաղվել է մրցավարական աշխատանքով: 1996 թ.-ին արժանացել է բասկետբոլի միջազգային կարգի մրցավար կոչմանը: Նույն տարում նա սկսել է աշխատել Ղազախստանի բասկետբոլի ֆեդերացիայում: 22 տարի շարունակ եղել է Ղազախստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ, համակարգել է մրցավարների աշխատանքը Ղազախստանի առաջնություններում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում Մաթևոս Նիկողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին»,- նշվում է մամուլի քարտուղարության հայտարարության մեջ:




Լրահոս