Աշխարհում ընդունված է, որ արտիստները դառնում են մինչև անգամ նախագահներ․ Հայկ Մարությանին տեսնու՞մ են քաղաքապետի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին շրջանառվում են Երեւանի քաղաքապետի թեկնածուների անուններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունի Երեւանի քաղաքապետի 4 թեկնածու՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյան, դերասան Հայկ Մարության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյան եւ ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյան: «Ժողովուրդ» օրաթերթը մշակույթի գործիչներին հարցրել է՝ արդյոք Հայկ Մարությանին տեսնո՞ւմ են քաղաքապետի պաշտոնում:


Դերասան Սերգեյ Դանիելյանի խոսքով՝ Հայկ Մարությանը առիթ ունեցել է հանդես գալ որպես պրոդյուսեր, եւ նրա ֆիլմերը՝ որպես բիզնես-պլաններ, բավական մեծ հաջողություն են ունեցել. «Աշխարհում ընդունված է, որ արտիստները դառնում են նահանգապետեր, քաղաքապետեր, մինչեւ անգամ նախագահներ: Քաղաքապետը մասնագիտություն չէ. պաշտոն է, որը կարող է ստանձնել յուրաքանչյուր գրագետ եւ բարեխիղճ մարդ, որը քիչ թե շատ հասկանում է բիզնեսից: Մեզ մոտ խնդիրը նորմալ թիմ հավաքելն է: Փաշինյանը չի կարողանում նորմալ թիմ հավաքել, թեեւ ունի անհատներ: Եթե Հայկ Մարությանը կարողանա թիմ հավաքել, կլինի բարեխիղճ քաղաքապետ: Մնացածը ցույց կտա ժամանակը»,-մեկնաբանեց նա:

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ Հայկ Մարությանին չի ճանաչում, նրա մասնակցությամբ որեւէ ֆիլմ, սիթքոմ չի դիտել, փոխարենը լսել է Հանրապետության հրապարակում ունեցած ելույթներից մեկը եւ այնքան էլ չի տպավորվել:

Իսկ, առհասարակ, պարոն Բաբայանի կարծիքով՝ նշանակություն չունի՝ քաղաքապետն ինչ մասնագետ է՝ դերասան, թե, օրինակ, բժիշկ: Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը եւս դերասան էր, եւ նրան հաջողվեց լինել նաեւ լավ կառավարիչ. «Այնուամենայնիվ, ապագա քաղաքապետը պետք է շատ լավ ճանաչի քաղաքը. սա շատ կարեւոր է: Լոնդոնում կա տաքսի ծառայություն, որը պատկանում է թագուհուն: Այդ ծառայության վարորդները այդտեղ աշխատանքի անցնելուց առաջ հինգ տարի ամբողջ Լոնդոնում հեծանիվ են վարել՝ քաղաքի ամեն անկյունին ծանոթանալու համար: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե մեր ապագա քաղաքապետն էլ այդ փորձին հետեւի, ճանաչի Երեւանը՝ իր արվարձաններով եւ աղբավայրերով, ունենա Երեւանը զարգացնելու եւ բեռնաթափելու վերաբերյալ հստակ ծրագիր, կիրառի համակարգված, կոնցեպտուալ մոտեցում»,-եզրափակեց պարոն Բաբայանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս