Առերևույթ չարաշահումներ Գյումրու թիվ 19 միջնակարգ դպրոցում. Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրա հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալն են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թվով 12 բնակիչներ՝ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տևական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն որևէ դասապրոցեսի չեն մասնակցել:

Մինչդեռ, դպրոցի տնօրենը, նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն, ուսուցիչների միջոցով, ինչպես նաև անձամբ, դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների՝ դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են դպրոցի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:




Լրահոս