ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս կարելի է կարդալ Աստվածաշունչը, որ ավելի հասկանալի լինի: Այն սովորական գիրք չէ, որը կարելի է կարդալ եւ հեշտությամբ ընկալել: Ինչպե՞ս ընկալելի դարձնել այն:
Լիլիթ Հունանյան (26 տարեկան, ուսանողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք հաճախ ենք պատճառներ փնտրում, երբ չենք կարողանում կարդալ Աստվածաշունչը կամ այլ հոգեւոր գրքեր` այդպես էլ չընթերցելով դրանք մինչեւ խոր ծերություն: Պատճառը հիմնականում սխալ պատկերացումն է եւ ծուլությունը: Այսօր Աստվածաշունչը հասանելի է բոլորին: Եթե դարեր առաջ մարդիկ կյանքի գնով էին ձեռք բերում այն, փայփայում եւ երազում գոնե մեկ տող կարդալ այնտեղից, ապա հիմա կարող են հեշտությամբ ձեռք բերել այն: Աստվածաշունչը կարդալիս պետք է գիտակցել, որ Սուրբ Գիրքը պատմական կամ գեղարվեստական գիրք չէ. այն չենք կարդում իմանալու, թե ի՞նչ է կատարվել այսինչ կամ այնինչ մարդկանց հետ, այն կարդում ենք, որպեսզի մեր կյանքը փոխվի: Գեղարվեստական գրքերը կարդալիս մենք երրորդ դեմքով ենք պատկերացնում տվյալ իրավիճակը կամ ավելացնում մեր տարբերակը, որը երբեմն ավելի դյուրին է եւ հեշտ, իսկ Աստվածաշունչը կարդալիս հասկանում ենք, որ չկա այլ տարբերակ. կա մեկը եւ ճշմարիտը, ինչն ընդունելը երբեմն դժվար է: Խնդիրը մեր հավատքը եւ կամքն է: Արդյոք մենք պատրա՞ստ ենք մեզ զրկել երկրային հաճույքներից հանուն երկնայինի. չէ՞ որ ասվում է. «Ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի»:
Աստվածաշունչ կարդալու եւ ընկալելու համար պետք է նախ աղոթել, որ Աստված բացի միտքդ, սիրտդ եւ հոգիդ, որպեսզի կարողանաս հավատով մոտենալ Աստվածաշնչին:
Տեր Եսայի քահանա Արթենյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր ոք իր ուրույն պատկերացումներն ու հավատն ունի Աստծո եւ եկեղեցու հանդեպ: Եվ Աստվածաշունչ ընկալելու գաղափարը նույնպես կարող է անհատական լինել. այս պարագայում կարեւորը հավատն է առ Աստված:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: