Երեկ հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր է դնում: Նորությունն իրապես զարմանալի էր: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարություն տարածեց, թե Վարդան Բոստանջյանը մանդատը վայր է դնում առողջական խնդիրների պատճառով: Սակայն պատճառաբանությունն այս պահին այնքան էլ արժանահավատ չի թվում: Առավել եւս եթե հաշվի առնենք, որ նախօրեին Բոստանջյանը հարցազրույց էր տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ եւ բառացի նշել. «Երեւի քաղաքական հալածանքն ու հետապնդումը հոմանիշ չեն, բայց բոլոր պարագաներում կարելի է որակել որպես այդպիսին` հետապնդում: Եթե կալանավորումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում այստեղ, այն էլ` ՀՀ նախագահի մակարդակով, կարող ես մտածել, սա հետապնդում չի: Պարտադիր չի, որ խափանման միջոցն անպայման լինի կալանավորումը»: Ու հիմնավոր կասկածներ կան, որ Բոստանջյանի «պաշտոնանկության» պատճառն այս հարցազրույցն է:
Բանն այն է, որ «Ծառուկյան» խմբակցությունը Քոչարյանի կալանավորման առնչությամբ որեւէ հայտարարություն չէր տարածել: Իսկ ահա պատգամավորը, որն, ի դեպ, քաղաքական դաշտում տարիների փորձառություն ունի, հրապարակավ տեսակետ է հայտնում առանց հաշվի առնելու այդ հանգամանքը: Կարելի է եզրակացնել, որ նա դիրքորոշումը չի ճշտել կուսակցության ղեկավար կազմի հետ: Սակայն Քոչարյանի կալանավորման հարցում քաղաքական հետապնդման տարրեր տեսնող Բոստանջյանը, փաստորեն, այն նույն դիրքորոշման է, ինչ նախկին իշխանություն ՀՀԿ-ն: Պետք է նշել, որ Վարդան Բոստանջյանը մշտապես աչքի է ընկել իր իրարամերժ հայտարարություններով ու գործողություններով:
2015 թ. Սերժ Սարգսյանի կողմից Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչած հայտնի արտահայտություններից հետո նույն թվականի մարտի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վարդան Բոստանջյանը նշել էր. «2012 թ. ի վեր, երբ ես ԲՀԿ համամասնական ցուցակում չընդգրկվեցի, հանգամանքների բերումով ստացվեց, որ այս ընթացքում գրեթե առնչություն չեմ ունեցել կուսակցության հետ: Հանդիպումները եղել են վերջին միջոցառումների ժամանակ, այսինքն` մենք այս ընթացքում առանձնապես կապ էլ չենք ունեցել միմյանց հետ»:
Գնանք ավելի հեռուն` հիշեցնելով 2010 թ. սեպտեմբերի 15-ին տեղի ունեցածը: Վարդան Բոստանջյանի եւ Վիկտոր Դալլաքյանի միջեւ սեւ կատու էր անցել: Այն ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Բոստանջյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարել էր, թե հրաժարվում է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի որդու քավորությունից (նա Դալլաքյանի որդու հարսանիքի քավորն էր): Իսկ պատճառը հայտարարությունների ժամին Դալլաքյանի արած հայտարարությունն էր, որով նա խիստ քննադատության էր ենթարկել բարեգործներին` նրանց նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ անվանելով: «Միթե կարելի է բարեգործ անվանել այն մարդուն, ով տալիս է ոչ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակին ստանալու ակնկալիքով»,-ասել էր Դալլաքյանը: Վերջինիս հայտարարությունը ԲՀԿ-ական պատգամավորները վերագրել էին իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Եվ Բոստանջյանը, լինելով Դալլաքյանի որդու` Երվանդ Դալլաքյանի հարսանիքի քավորը, ԱԺ-ում հայտարարել էր. «Ինձ չափազանց վշտացրեց Դալլաքյանի` նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ արտահայտությունը, քանի որ որպես ԲՀԿ խորհրդի անդամ եւ պատգամավոր` ես պաշտպանում եմ կուսակցության մոտեցումներն ու սկզբունքները:
Դալլաքյանի կողմից նման պիտակի արժանանալու դեպքում այլեւս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ եւ Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը»: Ավելի ուշ հարցին, թե ինչպես կարող է հրաժարվել եկեղեցում` Աստծո առջեւ ստանձնած իր առաքելությունից քաղաքական նկատառումներով, Բոստանջյանը նշել էր. «Բոլորը պագալովնի գրեշնիկ են, մի քիչ էլ թող ես գրեշնիկ լինեմ»: Տարիներ անց, իհարկե, Բոստանջյանն ու Դալլաքյյանը հաշտվեցին, բայց կատարվածի սպիները դեռ մնում են:
Ի դեպ, եթե հիշում եք, Բոստանջյանն այս տարվա ապրիլի 17-ին ԱԺ-ում կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը: Իսկ արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել էր, թե «սխալվել եմ, հանգամանքների բերումով է ստացվել»: ՈՒ նա ավելի ուշ նույն ջանասիրությամբ ողջունել էր վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ