Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքը չլիներ, այսպես չէր լինի. Ստյոպա Սաֆարյանը` 2008-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել 2008 թվականի մարտի 21-ի ԱԺ հատուկ նիստի ժամանակ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ պատգամավորների հարցուպատասխանները:

Ա.ԲԱԽՇՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, մենք ամեն ինչ կարող էինք անել, որ այսօր այս վիճակի մեջ չհայտնվեր մեր ժողովուրդը: Սեղմված զսպանակի նման ժողովուրդը ընդվզում է այն բանի դեմ, որ ի՛ր ձայնը, ի՛ր խոսքը, ի՛ր զգացումները, ի՛ր իրավունքները անընդհատ ոտնահարվում են: Մենք պարտավոր ենք նրանց լսել, եւ անկախ նրանից, թե այսօր մեծամասնություն եք, կընդունեք այս արտակարգ դրությունը, թե` չէ, եթե կարծում եք, որ սա է իրավիճակի լուծումը, ես բոլորովին համաձայն չեմ: Դա չէ իրավիճակի լուծումը: Իրավիճակի լուծումը իսկապե՛ս, համակարգային փոփոխություններն են, իսկապե՛ս, վերաբերմունքի փոփոխությունն է մեր քաղաքացու նկատմամբ, հարգանքը, սերը, սերը մեր ժողովրդի նկատմամբ: Եթե այսօր ձեզանից շատերը լինեին այնտեղ, որպես պատգամավոր, պարզապես, ազնիվ խոսք, չէր լինի այս միջադեպը: Մենք կկարողանայինք հարդել ինչ-որ հարցեր, մենք կկարողանայինք, որովհետեւ, այսօր, ինչ-որ պահի ժողովուրդը, իսկապես, անկառավարելի էր: Ոչ մեկը չկար, որ նրանց մի բան ասեր:

Ցավոք սրտի, դուք հիմա մեզ ուղղակի թշնամությամբ եք նայում` «Ժառանգության» պատգամավորներիս: Ես զարմանում եմ, ցավում եմ, ես ափսոսում եմ, որ դուք մեզ այդպես եք նայում: Բայց եթե դուք մեզ հետ լինեիք, մենք շատ քայլեր կհաղթահարեինք եւ չէինք թույլ տա, որ այս բանը լինի:

Ես խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը այսօր լինի ժողովրդի մոտ: Ովքեր ձերբակալված են, ովքեր հիվանդանոցում են, ովքեր հիվանդանոցում են, ովքեր մեր կարիքը ունեն: Նրանք մեր կարիքն ունեն այսօր, որպես ընտրյալ մարդիկ, պետք է լինենք նրանց կողքին, անկախ նրանից, թե մենք դիմությունից ենք, թե` ընդդիմությունից: Մենք պարտավոր ենք դա անել:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ ելույթը` պատգամավոր Ստյոպա Սաֆարյան:

Ս.ՍԱՖԱՐՅԱՆ

-Բարի երեկո, հարգելի գործընկերներ: Ես էլ եմ շատ կարճ խոսելու, եւ տիկին Անահիտը գրեթե ասաց այն, ինչ ես պատրաստվում էի ասել: Ես այսօր չեմ պատասխանի այն ամեն ինչին, զուտ պարզ պատճառով, որովհետեւ  դա այսօր է: Ես ուզում եմ ասել, որ այսօր, իսկապես, մեր վեց պատգամավորներին հաջողվեց մի քանի ժամ շարունակ կանգնել այդ գծի արանքում: Մենք քայլեցինք մազի վրայով: Արմենը նույնպես, եւ եթե մենք կարողացանք առավոտյան այդ շիկացած կրքերի պահին կանխել, հավատացնում եմ ձեզ, էլ ավելի սարսափելի բան կարող էր լինել, քան եղավ երեկոյան: Ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է շատ իմաստուն որոշում ընդունենք:

Ես անկեղծ ասեմ, պատասխանը չունեմ, թե ո՞րն է ճշգրիտ ելքը այս իրավիճակից: Ես էլ եմ համոզված, որ մենք ամեն պահի պետք է ցանկացած հնարավորություն բաց չթողնեինք: Ավաղ, բաց ենք թողել: Եթե մենք այսօր գոնե ժամը 5-ից, 6-ից հետո կարողանայինք, միգուցե ավելի վաղ հավաքվել, միուցե ավելի շատ մարդ կանգնեինք այնտեղ ու թույլ չտալ այս ամեն ինչը, երեւի բանը սրան չէր հասնի:

Ուզում եմ նաեւ մի խնդրի շուրջ ուղղակի կիսվեմ ձեր բոլորի հետ: Չեմ ուզում անցածին անդրադառնամ, որովհետեւ խոսել, թե միայն մի կողմն է մեղավոր, ես այդ կարծիքին չեմ: Լրատվական միջոցներից սկսած, հատկապես Հանրայինից, վերջացրած շատ ու շատ չարված եւ արված քայլեր: Այս ամեն ինչը բերում է այս խճանկարին: Բայց ես ուզում եմ մի բան հրաշալի հասկանանք: Արդո՞ք իրավիճակի լուծումները արտակարգ դրության մեխանիզմների մեջ են եւ պատահական չէր մեր հարցադրումները, որովհետեւ մենք չենք ուզում, եթե անգամ հաստատվելու է այդպիսի դրություն, ապա ռեժիմը լինի այնպիսին, որ ով ինչ ուզենա, մեկնաբանի:

Ես ուրախ եմ, որ իմ գործընկերները այդքան շատ հարցեր տվեցին: Մենք պետք է հասկանանք, ինչն է կարելի լինելու, ինչը` ոչ:

Այսօր տիկին Անահիտը շատ լավ նկարագրեց իրավիճակը: Այդ մարդիկ ուղղակի խոսքի կարոտ էին, այդ մարդիկ ուղղակի չգիտեին ինչ անել: Շատ դեպքերում մենք հասկանում էինք, որ նրանք մեզ էլ կարող էին եւ չլսել, չենթարկվել, եւ իմ անձնական կարծիքն է, կուզեք համաձայնեք, կուզեք` ոչ, բայց եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքը չլիներ, այսպես չէր լինի: Այդ, այսպես ասեմ, առաջնորդ ուզող, ղեկավարներ ուզող, եւ ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է խոսքը, խոսքը ղեկավարների մասին է, եթե մենք քաղաքական լուծումներ առաջարկեինք, գուցե այս իրավիճակը չլիներ:

Ի՞նչ է ասելիքս: Ես մինչեւ հիմա կատարված քայլերը տեսնում եմ կամ իմ դիտարկումները ցույց են տալիս, որ դրանք բերում եմ հակառակ էֆեկտի: Ես չեմ ուզում, որ եթե անգամ հաստատվելու է արտակարգ դրություն, դա բերի էլ ավելի մեծ պրոբլեմների: Ես չգիտեմ, միգուցե ոմանք փաստարկեն: Ես միանշանակ կողմ եմ, որ այս արյունահեղությունը պետք է կանխվի: Խոսքը սրա մասին չէ, խնդրում եմ ինձ լավ հասկանալ: Ես նաեւ շատ վախենում եմ, որ մինչեւ արված քայլերի նման սա բերի հակառակ ռեակցիային: Եթե բերի, ուղղակի պարտիզանական պատեր…

Ես չգիտեմ, թե ի՞նչ է լինելու: Ես ուզում եմ, որ ինչ էլ անենք, միայն մի բան հիշենք` իրավիճակը չթողնենք բացառապես այն մարմիններին, ովքեր ըստ հրամանագրի պետք է շտկեն իրավիճակը: Ուզում եմ, որ, իսկապես, մենք չմոռանանք, որ շատ ավելի էֆեկտիվ են եւ կարեւոր քաղաքական միջոցները: Այսքանը: Շնորհակալություն:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հաջորդ ելույթը` Վարդան Խաչատրյան:

Վ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, առաջին հերթին ես կցանկանայի, որ մեմք պարզ գիտակցենք, որ մենք կանգնած ենք ջրբաժանի առաջ: Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ բազմիցս մենք անցել ենք այս իրավիճակի միջով, որովհետեւ երբեք այսպիսի իրավիճակ մայրաքաղաքում չի եղել, երբեք այսպիսի դրություն` փոխադարձ թշնամանքի եւ ուղղակի ոտնձգությունների, մենք չենք ունեցել: Ցավոք սրտի, երեւի թե մեր պատմությունը կբաժանվի ժամանակաշրջանին նախորդող այս դեպքերին եւ ժամանակաշրջանին հաջորդող դեպքերին: Սա, իսկապես, ջրբաժան է, եւ չեմ կիսում իմ այն գործընկերների այն կարծիքը, որ հավաքվել ենք գիշերվա ուշ ժամի եւ հնարավորինս արագ պետք է կայացնենք որոշում, որը կարող է ճակատագրական լինի: Ես հասկանում եմ, որ կարող են լինել ձեւական կամ ձեւայնացված մոտեցումներ, բայց ամեն դեպքում, մենք կանգնած ենք մի կարեւորագույն հարցի առաջ, որը կարելի է մինչեւ վերջ պարզեցնել, պրիմիտիվացնել եւ ասել, որ մենք հիմա, ըստ էության, նախընտրելու ենք քիչ կամ շատ արյունը, ցավոք սրտի:

Լինելով հակիրճ, կցանկանայի բոլորիդ հիշեցնել մեկ բան` մեր ունեցած տեղեկություններով, թերեւս կսկսվի ռազմական օպերացիա` մեր որոշումից հետո, եւ արդյո՞ք դա չի բերի ավելի մեծ արյան, քան հնարավոր էր դրա բացառման պայմաններում: Որոշումը մերն է, եւ յուրաքանչյուրը պետք է քվեարկի խղճի եւ խաղաղությամբ ապրելու հեռանկարով միայն: Շնորհակալություն` ուշադրության համար:

Տ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Շնորհակալություն: Մինչ հաջորդ ելույթ ունեցողին ձայն տալը, ես, հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ մենք չափազանց կարեւոր հարց ենք քննարկում եւ խորհուրդ կտամ բոլորին, որեւէ իրականությանը չհամապատասխանող հայտարարություն չանել այս ամբիոնից, առավել եւս չաղավաղել այն, ինչ մեր Սահմանադրությամբ եւ Կանոնակարգով է գրված: Այս հրամանագիրը արդեն ուժի մեջ է եւ գործում է: Եկեք հանգիստ, զուսպ շարունակենք մեր աշխատանքը:

Մաս 1.

Մաս 2. 

Մաս 3,

Մաս 4.




Լրահոս