Դեռ տեխզննման կտրոն չեմ հանել, բայց պատրաստ եմ նոր Հայաստանում հանել, եթե արդարություն լինի. Լիանա Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր կառավարությանը վերաբերվում եմ հարգանքով, բայց դեռ սպասողական վիճակում եմ: Ամեն դեպքում, հարգում եմ կառավարության անդամների առաքինությունը, որոշումները, քաղաքական մոտեցումները, բայց մեր ապագան ինձ համար դեռ անորոշ է: Մի բան հստակ կարող եմ ասել՝ արդարության կողմնակից եմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ասմունքող Լիանա Զուրաբյանը: Նա շեշտեց, որ հատկապես այս փուլում ամեն մեկը պետք է զբաղվի իր առաքելությունն իրականացնելով, պետք է լինի իր տեղում:

Հարցին, թե որդու ապագան տեսնո՞ւմ է արդյոք Հայաստանում, Լիանան պատասխանեց. «Այո՛, տեսնում եմ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի կատար ածի այն, ինչ ասում է: Ես պատրաստ եմ իմ որդուն որպես զինվոր տալ իմ հայրենիքին»:

Նախորդ տարվա սեպտեմբերին աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել ասմունքողի եւ ՃՈ տեսուչների միջեւ: Տեխզննման կտրոնը չթարմացնելու համար տեսուչները կանգնեցրել էին Լիանայի մեքենան, իսկ վերջինս պնդում էր, որ նրանք հաշվի չէին առել, որ մեքենայում գտնվում էր իր 1-ամյա երեխան: Ասմունքողը շեշտեց՝ երբ զգա, որ նոր Հայաստանում օրենքն իսկապես գործում է, իսկ խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով ուղի հարթելու մոտեցումը՝ ոչ, վաղը եւեթ կթարմացնի կտրոնը. «Դեռ տեխզննման կտրոն չեմ հանել, բայց պատրաստ եմ նոր Հայաստանում հանել, եթե արդարություն լինի: Պարզապես դեռ կասկածներ ու մտավախություն ունեմ: Եթե որեւէ մեկը խախտում է արել՝ լինի գայի պետի սիրուհին, թե այլ մեկը, պետք է պատասխան տա: Օրենքի առաջ խոնարհ կլինեմ, եթե նոր Հայաստանը, որին ես հավատում եմ, առաջ շարժվի արժանապատիվ սկզբունքներով: Ես պետք է տեսնեմ, որ օրենքը գործում է նաեւ պաշտոնյաների ընտանիքի անդամների համար»,-եզրափակեց Լիանան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս