Բախումները հին պատմություն ունեն. ինչո՞ւ Գևորգ Պետրոսյանը կրկին փոխեց իր կարծիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երեկ տեղի ունեցած ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստին ներկա չի գտնվել քաղաքից բացակայելու պատճառով: Այդ մասին նա նշեց ArmLur.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը: Ինչպես հայտնի է` երեկ այդ նիստի ժամանակ որոշում  է կայացվել, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը նշել էր, որ ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր, ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում: Միևնույն ժամանակ նշել էր, որ եթե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է՝ ինքն այդտեղ անելիք չունի:

ArmLur.am-ի հետ զրույցում Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ մտադրություն չունի լքելու ոչ կուսակցությունը, ոչ էլ խմբակցությունը, կգա սեպտեմբերը և նոր կսկսի մտածել հետագա քայլերի մասին: «Որևէ կուսակցությունից դուրս գալն այդ անձի սահմանադրական իրավունքն է, որն ինքը տնօրինում է ազատորեն: Ես կարող եմ որոշել մնալ կուսկացությունում, քանի որ իմ կուսակցության ղեկավարին շատ հարգում եմ, մենք անձնական որևէ խնդիր չունենք: Գագիկ Ծառուկյանն ինձ համար եղել և մնում է շատ հարգարժան մարդ, բայց այդ պահին այդպիսի հարց չկա: Կգա սեպտեմբեր ամիսը, ես կորոշեմ»: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, թե չի մասնակցելու քարոզարշավի և ոչ մի կերպ չի օգնելու Նաիրա Զոհրաբյանին:

«Ես չեմ մասնակցելու և չեմ սատարելու, եթե կլինի ուրիշ թեկնածու, եթե համոզմունք ունենամ, որ նա կարող է լավ քաղաքապետ լինել Երևանի համար, կմասնակցեմ, բայց կոնկրետ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը ես չեմ սատարելու, քանի որ հակառակն եմ կարծում», – հավելեց նա: Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց, որ երբեք չի հավակնել լինել քաղաքապետի թեկնածու և այդ մասին էլ բազմիցս ասել է նաև Գագիկ Ծառուկյանին:

Մեկ փաստ էլ, երբ 2015թ. Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ նախագահն էր, Գեւորգ Պետրոսյանը նրան պարբերաբար քննադատում էր: Բանը հասավ Պետրոսյանին ԲՀԿ-ից հեռացնելուն, եւ նա դիմել էր դատարան՝ վիճարկելու այդ որոշումը: Արդեն 2017թ. երբ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն ու գլխավորեց այդ կուսակցությունը, համարվում էր՝ Զոհրաբյանի ու Պետրոսյանի հարաբերությունները կարգավորվել են: Պետրոսյանը պատգամավոր դառնալուց հետո 2017թ. մայիսին ասել էր, որ իր տեսակետը Նաիրա Զոհրաբյանի մասին փոխվել է, դատական գործ էլ այլևս չկա: «Իմ կարծիքն աստվածաշունչ չէ, որ չփոխվի»,- ընդգծել էր նա:

 




Լրահոս