Մարտի 1-ի հետքերով. հերթը կհասնի Աղվան Հովսեփյանին և Վահագն Հարությունյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Քրեական գործը, ինչպես հայտնի է, հարուցվել է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով: Մեղադրանքներն էլ առաջադրված են այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀ ԶՈւ շտաբի պետի տեղակալ Յուրի Խաչատուրովին: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ հետագայում հարուցվելիք քրեական գործերն ու բացահայտումները չեն սահմանափակվելու միայն սահմանադրական կարգը տապալելուն կամ բանակը ներգրավելուն: Մասնավորապես, ենթադրվում է, որ կլինեն այլ բացահայտումներ, բազմաթիվ դրվագներ, որոնք առավել քան սերտորեն փոխկապակցված են մարտիմեկյան այդ դեպքերի հետ:

Մեկ բացահայտում արդեն իսկ արվել է. վերաբերում է արդարությանը խոչընդոտելուն: Մասնավորապես, Հատուկ Քննչական Ծառայությունում քրեական գործ է հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին` հենց վերը նշված հոդվածով: Մասնավորապես, երբ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ՍԴ-ում վիճարկում էր ընտրությունների արդյունքները, Արմեն Գեւորգյանը փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավորներից Վալերի Պողոսյանի վրա: Այդ քրեական գործը հիմա միացվել է մայր գործին, քննվում է մեկ վարույթում:

Նկատենք, սակայն, սրանով բացահայտումները չեն սահմանափակվելու: Եւ ՀՔԾ-ն դեպքերի ընթացքին խորամուխ լինելու դեպքում ականատես է լինելու այլ հանցագործությունների: Այդպիսի եզրակացության կարող ենք հանգել նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` «Օրակարգից դուրս» հաղորդման ընթացքում արված հայտարարություններից: Նախ նա հաստատեց, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործից բացակայել է հայտնի 0038 հրամանը: Իսկ նման կարեւոր փաստաթղթին ուշադրություն չդարձնելը, այն գործով չուսումնասիրելը ենթադրում է, որ փորձ է արվել պարտակելու հանցագործությունը: Ըստ ՀՔԾ պետի` այդ հրամանը գործում հայտնվել է միայն վերջերս։ Ընդ որում` Սասուն Խաչատրյանն իր խոսքում նշեց, թե այդ փատաթուղթը բավականին ամուր հիմք էր եւ հենց դրա համար էլ բացակայել է քրեական գործից: «Այս հրամանը մեղադրանքը շատ կուռ, ամուր հիմք է: Դրա համար էլ չի եղել գործում: Միայն այս մեղադրանքը խոսում է, որ զինված ուժերը ներգրավված են եղել մարտի 1-ի իրադարձություններում, ընդ որում` դրանք ներգրավվել են ոչ թե մարտի 1-ին, ինչպես իշխանություններն էին պնդում, թե վիճակը վերահսկողությունից դուրս է եղել: Ստորագրվել է փետրվարի 23-ին եւ վերնագրված է այսպես. «ՀՀ գրագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», – նշել էր ՀՔԾ պետը:

Այն, որ այս անչափ կարեւոր փաստաթուղթը չի եղել գործում, վկայում է, որ նախկին իշխանությունները պարզապես որոշել են թաքցնել իրականությունը: Ասել է թե` գործ ունենք հանցագործության պարտակման հետ: Ի վերջո, մամուլում եւ փաստահավաք խմբի զեկույցներում 0038 հրամանի մասին եղել են հրապարակումներ, ու նախաքննական մարմինը պետք է վերաբերմունք դրսեւորեր:
Չի բացառվում, որ վաղը պարզվի՝ քրեական գործից բացակայում են այլ կարեւոր փաստաթղթեր եւս՝ կապված կրակոցների, դրանց վերաբերյալ փորձաքննությունների արդյունքների հետ:

Ու հիմա ՀՔԾ-ն հատկապես Սասուն Խաչատրյանի հայտարարություններից հետո պետք է առանձին ուսումնասիրություն կատարի պարզելու՝ ում հրահանգով եւ ինչու 0038 հրամանն այս գործում չի եղել: Ու եթե ՀՔԾ-ն գնա իրադարձությունների հետքերով, միգուցե մեղադրանք առաջադրվի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին: Ի վերջո, հենց նրանք են եղել նախաքննության «գլխին կանգնած» պաշտոնյաները, որոնք ի պաշտոնե իրավունք են ունեցել ուղղորդելու նախաքննության ընթացքը, տալու հանձնարարականներ եւ այլն: Բայց այդ երկու պաշտոնյաները, հիշում եք, ամեն կերպ փորձել են քրեական գործն ուղղորդելով հակառակ ուղությամբ, որպեսզի մեղքը բարդվեր այն ժամանակվա ընդդիմության վրա:

Հիմա կգնա՞ ՀՔԾ-ն հանցագործությունը պարտակելը բացահայտելու ճանապարհով ու որպես մեղադրյալ կներգրավի նախկին գլխավոր դատախազին եւ քննչական խմբի նախկին ղեկավարին, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, մինչեւ հիմա տեղի ունեցած դեպքերը հույս են ներշնչում, որ մարտի 1-ի գործով իրապես համալիր քննություն է ընթանում, եւ մեղավորներն անպատիժ չեն մնա:

Նաիրա Հովհաննիսյան
Արման Գալոյան




Լրահոս