Թող ոչ ոք չջղաձգվի, որ Քոչարյանի անձը համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել. Գրիգոր Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սկզբում հարկավոր է զարգացնել տնտեսությունն ու գիտությունը, հետո նոր խոսել արվեստի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու մասին, որովհետեւ արվեստն աշխատում է քաղաքացու հետ, ոչ թե ժողովրդի: Թե չէ հենց մշակույթի նոր նախարար է նշանակվում, սպասում են, որ առանձնակի փոփոխություններ պետք է լինեն: Սակայն դրանով հարց չի լուծվում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռեժիսոր, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը: Նա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից ոչ մի տպավորություն չունի, քանի որ վերջինս դեռ հստակ չի ներկայացրել մշակույթի ոլորտի հետ կապված իր տեսլականը:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա բեմադրիչը համակրում է նրան, վաղուց է հետեւում նրա տեսակին եւ կերպարին. «Նիկոլ Փաշինյանը դասական հեղափոխական է, իր կառավարության գործելաոճն էլ հեղափոխական է: Չեմ կարող ասել, թե նա դիպլոմատ է կամ ստրատեգ, բայց մոլի կերպով հավատում է իր գաղափարներին: Համենայն դեպս, մեզ հաջողվել է ազատվել առեւտրական այն խավից, որը զավթել էր հայոց գահը, հարստահարել սեփական բնակչությանը»,-ասաց մեր զրուցակիցը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը բեմադրիչի համար սպասելի էր, քանի որ ինչպես ինքն է ասում, հայոց ազգի ավգյան ախոռները մաքրելու կարիք կա. «Եթե իշխանությունը դիմում է նման քայլի, հաստատ ունի իր պատճառաբանությունը: Եվ հետո, բացի մարտիմեկյան իրադարձություննների հետ Քոչարյանի կապը դիտարկելը մի պարզ հարցադրում. ինչպե՞ս է ստացվել, որ շատ կարճ ժամանակում շատ փոքր եւ աղքատ երկրում պաշտոնյան դարձել է միլիարդատեր: Արդյոք անհրաժե՞շտ է տիրապետել հատուկ ինֆորմացիայի կամ քրեական օրենսգիրքն անգիր իմանալ դա հասկանալու համար: Ոչ ոք թող չզարմանա, որ Քոչարյանի անձը համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել եւ հայտնվելու: Թող ոչ ոք չջղաձգվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս