Առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:

«Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում նշեցի, որ Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցել են երկուստեք ցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում:

Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ հույս հայտնեցի, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները կնպաստեն նրան, որ ունենանք նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգության կայունությանը:

Դեսպան Սաջջադին նույնպես խոսեց մեր երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծեց, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ հարաբերություններ ունեցող գործընկերն է:

Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ-ը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որ մեր երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Գրիգորյանը։




Լրահոս