Թանկացումների նոր ալիք. Երևանի կենտրոնում բնակարանների գները բարձրացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի որոշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները ապրիլ ամսից սկսած շարունակում են բարձրանալ: Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում հունիսին, նախորդ ամսվա համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ի գինը բարձրացել է 15 հազար դրամով: Համաձայնեք՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում բնակարանի այսչափ թանկացումը հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հեռու է շատ բարվոք համարվելուց, զգալի է: Բայց մյուս կողմից սա վկայում է տնտեսական իրավիճակի կայունացման մասին, քանի որ անշարժ գույքի գներն արտացոլում են իրականությունը:
Քաղաքի ամենաբանուկ թաղամասում մեկ ամսում եւս բնակարանները թանկացել են: Խոսքը Արաբկիր վարչական շրջանի մասին է, որտեղ բազմաբնակարան շենքերի բնակարանի մեկ քմ գինը բարձրացել է 5450 դրամով: Քանաքեռ-Զեյթունում թանկացումը կազմել է 2100 դրամ, Ավանում` 600 դրամ, Շենգավիթում` 1600 դրամ, Դավթաշենում` 4800-ով, Մալաթիա-Սեբաստիայում` 1800 դրամով: Մասնագետների կարծիքով առաջիկա ամիսներին գների բարձրացումը կշարունակվի:

Փոխարենը մի քանի վարչական շրջաններում դրանց գները թեկուզ չնչին, բայց նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Նոր-Նորքում 1900 դրամով բնակարանի մեկ քմ էժանացել է, Աջափնյակում` 400 դրամով, Նուբարաշենում` 2000 դրամով, Էրեբունիում` 450-ով:

Բացի այս, նկատենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրականցված գործարքները Հայաստանի Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք մարզերում, Սյունիքում, Վայոց Ձորում, Տավուշում նվազել են: Ըստ մասնագետների` Երեւանում վարձակալությամբ տների պահանջարկը եւս աճել է: Հատկապես ամռան այս ամիսներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն ու արտերկրում ապրող մեր հայրենակիցները նախընտրում են օրավարձով տներ, մասնավորապես կենտրոնում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս