
Արարատի մարզի դատախազության դատախազը, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզի քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման օրինականությունը ստուգելիս, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնին հանձնարարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Այնթապ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվարդ Սահակյանն առաջարկել է Ս. Ի-ն 2014 թվականի հունիսին կնքել դպրոցում որպես պահակ աշխատանքի անցնելու վերաբերյալ աշխատանքային պայմանագիր: Ա. Ս.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ Ս. Ի-ն աշխատանքի չի հաճախել և այդ ընթացքում՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը, ստացել է շուրջ 2 միլիոն 712 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ՝ միաժամանակ յուրաքանչյուր ամիս Ա. Ս.-ի առաջարկով ստորագրելով աշխատանքի հաճախելիության մատյանում:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով :
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին: