ՀԱՐՑ. Ունեմ առողջական խնդիրներ. 14 տարի է` երիկամիս մեկը հեռացված է, եւ ունակ չեմ աշխատելու: 45 տարեկան եմ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ ձեռք բերել հաշմանդամության կարգ: Ո՞ւր կարող եմ դիմել:
Նազիկ Խաչատրյան (Շիրակի մարզ)
ՊԱՏԱՍԽԱՆ.ՀՀ կառավարության 02.03.2006թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի 9-րդ կետի համաձայն` անձը ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո: Համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ՀՀ առողջապահության նախարարների 2006թ. թիվ 100/580-Ն համատեղ հրամանի դրույթների` բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով քաղաքացին կարող է դիմել համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որն անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր (ձեւ 088):
Ուղեգրի առկայության դեպքում քաղաքացին հաշմանդամ ճանաչվելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար կարող է դիմել տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով` դիմումին կցելով առողջության խաթարումը հավաստող բժշկական փաստաթղթերը:
Տարածքային ԲՍՓ հանձնաժողովի փորձաքննությամբ կկայացվի որոշում` ՀՀ-ում գործող հաշմանդամության սահմանման բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին համապատասխան:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապեի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացին կարող է իրականացվելիք փորձաքննությանը մասնակից դարձնել նաեւ իր կողմից ընտրած բուժող բժշկին կամ այլ բժիշկ մասնագետի որպես ներկայացուցիչ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: