ՏԵՍԱՆՅՈւԹ. «Ճ» կարգի հարցերը «ճ» կարգի նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ չսպասեցնելով ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի աչքը ջուր էր կտրել «Ժողովուրդ» օրաթերթի հետ ունեցած հարցազրույցի հրապարակմանը սպասելիս` ներկայացնում ենք այն: Ու ի սկզբանե նկատենք, որ հարցազրույցում այնքան էլ ոգեւորիչ ձեւակերպումներ չկան, որոնց մասին պարծեցել էր նախարարը:
Եւ ուրեմն, ինչից ծնվեց մեր երկրի առողջապահական ոլորտի թիվ մեկ պատասխանատուի հետ հարցազրույց անելու ցանկությունը: Հուլիսի 27-ին նախարար Արսեն Թորոսյանը, հեղափոխական «դուխով» լոզունգով ոգեւորված, հայտարարեց, որ աշխատանքից հեռացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանին, որը Սերժ Սարգսյանի խնամին է: Ու ֆեյսբուքյան «լայվի» ժամանակ այնքան էր տաքացել, որ քրեաիրավական բնույթի մեղադրանքներ ներկայացրեց ոչ միայն Արա Մինասյանի, այլ նաեւ բժշկական կոլեկտիվի հասցեին: «Մարդիկ, որոնք մասնակցել են կեղծիքին, հիմա ցույց են անում: Ո՞նց չասես: Սա կազմակերպված հանցավորություն է, ու այդ բանդայի մի մասը ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի աթոռից: 99 տոկոս վստահ եմ, որ կան քրեական տարրեր, քանի որ գումարները շորթվել են պետությունից: Ես կամային որոշում եմ ընդունել, որ վերջին 20 տարում ոչ մի նախարար ռիսկ չի արել: Այո, տնօրենը պետք է փոխվի, որ դառնա մրցակցային… Իմ որոշումը լինելու է անբեկանելի»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը հետաքրքրվեց նախարարից.

-Պարո՛ն Թորոսյան, ուզում եմ անդրադառնալ «Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի աղմկահարույց չարաշահումներին, երբ Դուք հայտարարությամբ հանդես եկաք, թե էնտեղ բանդա է գործել, հանցախումբ է գործել: Ի վերջո, իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել, անմեղության կանխավարկած կա, առողջապահության նախարարը գնահատականներ է տալիս իրավիճակի մասին:

-Ուշադիր չեք նայել վիդեոն երեւի:

-Բայց Դուք արդեն գնահատական էիք տվել:

-Չէ, Դուք որ ուշադիր նայեիք, կտեսնեիք, թե էդ գնահատականներն ինչ տոնով է հնչեցվել, եւ ինչ լեքսիկոնով: Իսկ էն, որ կային խախտումներ, դրանք փաստված են մասնագետների կողմից, եւ հավելյալ փաստելու կարիք չունեինք, երբ տեսնում էինք, որ չարաշահումները եղել են:

-Չարաշահումները եղել են, իրավապահները կզբաղվեն…:

-Մենակ իրավապահները չեն զբաղվում, մենք էլ ենք զբաղվում: Էդ հիմնարկը մեր հիմնարկ է, մեր ենթակայության տակ, եւ էդ հիմնարկի գործունեությունը արդյունավետ ու օրինական դաշտում ապահովելու համար մենք ունենք բոլոր լիազորությունները փոխելու թե՛ տնօրեն, եւ թե՛ ընդհանրապես տեղի ունեցող բոլոր պրոցեսները:

-Բայց թողնեիք իրավապահներին, թող իրենք գնահատական տային: Դուք ոնց որ իրավապահ մարմնի աշխատող լինեք, այլ ոչ թե առողջապահության նախարար:

-Ո՛չ: Ես Ձեզ արդեն ասեցի, որ եթե ուշադիր նայեին վիդեոն, ես գնահատականներ չեմ տվել, ես ասել եմ` հավանաբար, եւ ասել եմ, որ իրավապահները կտան գնահատականները:

-Չե՞ք վախենում, որ այդ «հավանաբար»-ը չհիմնավորվի:

-Ես ասեցի, որ արդեն հիմնավորված է: Մենք եթե ուզենք, արդեն 1 մլրդ դրամի տուգանք կարող ենք գրել այդ հիմնարկի վրա:
Նախարարի համառ պնդումներից հետո նորից լսեցինք նրա ինքնատեսանյութը, սակայն այդքան ճակատագրական «հավանաբար» բառը չգտանք: Սա նշանակում է, որ Արսեն Թորոսյանը պետք է պատասխան տա «կազմակերպված հանցավորություն», «բանդայի պարագլուխ» եւ այլ ձեւակերպումների համար, որոնք ոչ թե գնահատող դատողություն են, այլ ուղղակի մեղադրանք մարդկանց հասցեին, որը դեռ ապացուցված չէ: Ու ամենեւին կարեւոր չէ՝ մեղադրանքի հասցեատերը Սերժ Սարգսյանի խնամի՞ն է, թե՞ Արսեն Թորոսյանի փեսան:
Շարունակելով հետեւել նախարարի պահվածքին` «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ Արսեն Թորոսյանի համար ոչ միայն բանավոր, այլեւ գրավոր խոսքն առանձնապես արժեք չունի: Ինչո՞ւ ենք այսպիսի պնդում անում, բացատրենք. հուլիսի 25-ին, ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ եւ անդրադառնալով Սեւանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետեւանքով ջրի կանաչ գույն ստանալուն` հորդորել էր զերծ մնալ նման վայրերում լողալուց: Նախարարությունը նաեւ մանրամասն տեղեկացրել էր, թե այդ վայրերում լողալն ինչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ մարդկանց առողջության վրա, ինչ ախտանշաններ կարող են առաջանալ: Եւ ահա այդ հայտարարությունից 4 օր անց նախարարը Գեղարքունիքի մարզպետի հետ նրան փաստացի պատկանող լողափում սուզվեց ջուրը` հերքելով, կասկածի տակ դնելով իր իսկ ղեկավարած կառույցի կողմից տարածված պաշտոնական հայտարարության հավաստիությունը գոնե այդ ափի մասով:
Եւ ահա մեր լրագրողը հետաքրքրվեց նախարարից` առողջական խնդիրներ չառաջացա՞ն.

-Պարոն նախարար նկատեցինք լուսանկարներ, երբ առողջապահության նախարարը Գեղարքունիք մարզպետի հետ սուզվում էր Սեւանա լճի մեջ: Սակայն մինչ այդ առողջապահության նախարարությունը մեկ այլ հայտարարություն էր տարածել, որ կոնկրետ կան տարածքներ, որտեղ մարդիկ չպետք է մտնեն ջուրը: Հաջորդ օրը տեսնում ենք նախարարը մտնում է Սեւանա լիճը: Ջուրը մաքրվե՞ց: Ձեզ մոտ խնդիրներ չառաջացա՞ն:

-Դուք երեւի ուշադիր չեք: Կան կոնկրետ տարածքներ, որտեղ մենք խորհուրդ չենք տալիս մտնել, նշանակում է նաեւ կան տարածքներ, որտեղ կարելի է լողալ:

-Դուք կոնկրետ ա՞յդ տարածքում էիք լողում, խնդիր չառաջացա՞վ Ձեզ մոտ:

-Այո՛, այո՛:

-Իսկ ջուրը մաքրվե՞ց:

-Ջուրը ինքն իրեն չի մաքրվում: Ջուրը փոփոխվում է, ու մենք հետեւում ենք իրավիճակին եւ հայտնում ենք դրա մասին: Տեղեր կան, որ էլի խորհուրդ չենք տալիս, տեղեր կան, որ հանգիստ կարող են լողալ եւ հիմա էլ լողում են:
Փառք Աստծո, ամեն ինչ կարգին է հայկական բանակում լրիվ չծառայած, առողջական խնդիրներով պայմանավորված մեկ տարի շուտ զորացրված նախարար Արսեն Թորոսյանի հետ: Անկեղծ ասած` ուրախ ենք այդ փաստի համար: Բայց տխրեցինք, երբ իմացանք, թե ինչ վախեր ունի նախարարը: Գուցե չակերտավոր, բայց, այնուամենայնիվ… Պարզվում է` հայրենի կառավարության ներկայացուցիչը հասարակ վերնաշապիկ գնելուց վախենում է:

«Մարդ վախենում ա նոր վերնաշապիկ առնի :))) Կարող ա հարցնեն, թե աշխատավարձդ ոնց ա հերիքել :)))» ահա այսպես էր արտահայտվել նախարար Թորոսյանը ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի արված գրառումներից մեկի մեկնաբանության բաժնում:

Եւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը պարտավոր էր նախարարից հետաքրքրվել. Էլ ինչի՞ց է վախենում:

– Պարո՛ն նախարար, Դուք սոցիալական ցանցում մի հայտարարություն էիք արել վերնաշապիկ գնելու հետ կապված. թե մարդ մի նոր վերնաշապիկ չի կարողանում գնել, հարց են տալու թե որտեղից փողը: Ի վերջո, վերնաշապիկ գնեցի՞ք, թե՞ ոչ:

-Շա՞տ կարեւոր հարց է:

-Հետաքրքիր է, որովհետեւ, ամեն դեպքում, Դուք մտավախություն ունեք:

-Դո՞ւր է գալիս իմ վերնաշապիկը Ձեզ: Եթե մտավախության կոնտեքստը նայեիք, կտեսնեիք, թե ինչին է վերաբերում: Դա վերաբերում է նախարարների նկատմամբ, ու ընդհանրապես նոր պետական պաշտոնյաների նկատմամբ անհարկի բամբասանքներին:

-Ամեն դեպքում Ձեզ մոտ վախի գործոն է եղել պարոն Թորոսյան: Հետաքրքիր է, վախն անցե՞լ է, նոր վերնաշապիկ գնե՞լ եք, թե՞ ոչ:

-Ուզո՞ւմ եք հիմա իրար հետ գնանք վերնաշապիկ գնենք:

-Կարող ենք գնալ, որեւէ խնդիր չկա…:

-…Դուք չպետք է մտնեք, եւ տենց հարցեր չպետք է տաք մեզ:
Իհարկե, անհարկի բամբասանքները կարող են նյարդայնացնել նախարարին: Բայց տարակուսելի է, որ նախարարն ինքն է երբեմն բամբասում չփաստարկված մեղադրանքներով:

Իսկ իրականում նախարար Արսեն Թորոսյանը պետք է հիշի, որ պարտավոր է հաշվետու լինել, թեեւ նա նոր սերնդի հետազոտման սարքավորում ունի եւ այդ բիզնեսով կարող է իրեն թույլ տալ թանկարժեք հագուստ գնել: Նախարարը պարտավոր է նաեւ հանդուրժել իր մասին հնչած եւ հնչելիք քննադատությունները: Լրագրությունը չի կարող բոլորի քիմքին հաճելի աշխատանք համարվել: Հնարավոր է որոշ բաներ էլ կանգնեն կոկորդիդ:

Եւ վերջապես «սիրո հեղափոխության» տրամաբանության մեջ եթե տեղավորվենք, մենք էսպիսի չարացած պաշտոնյաների չէինք պատկերացնում այդքան հումանիզմ ենթադրող ոլորտի պատասխանատուի կարգավիճակում: Պետք է հաշիվ տալ քայլերին ու խոսքերին` գոնե օրինակ վերցնելով հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարքագծից:

Հ. Գ. Այֆոն պլյուսով նույնիսկ ֆիլմեր են նկարահանում. 21-րդ դարն է վերջապես:

Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:

Թամարա Միքայելյան




Լրահոս