ՀԱՐՑ. Ունեմ 10 տարվա գիտական աշխատանքային ստաժ, 14 տարվա մանկավարժական ստաժ: Թոշակ ստանալու ի՞նչ տարբերակներ ունեմ. օրինակ` կարո՞ղ եմ ստանալ մանկավարժական թոշակ:
Մկոյան Ֆիալետա (59 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի» 30-րդ կետի համաձայն` մասնակի կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում միայն մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը:
Եթե լրացել է անձի 55 տարին, ունի 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին վերոհիշյալ ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ը ձեռք բերած աշխատանքային ստաժ է, ապա մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով նա կարող է գրավոր դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: