Հայաստանի բուհերը ֆինանսական խնդիրներ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններն այս տարվա առաջին կիսամյակում տեղ են գտել խոշոր հարկատուների ցանկում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված բուհերից առաջատարը Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն է:

Նշված բուհն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 367 մլն 230 հազար դրամ: Ավելին` այս ուսումնական հաստատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 174.5 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները: Իսկ ահա մյուս պետական բուհերը նվազեցրել են իրենց հարկերը:
Հայաստանում բուհերից երկրորդ խոշոր հարկատուն Երեւանի պետական համալսարանն է, որի կատարած հարկային վճարումներn այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 923 մլն 837 հազար դրամ: Բայց չնայած սրան` 2017 թվականի 1-ին կիսամյակի համեմատ Հայաստանի մայր բուհը ավելի քան 155.9 մլն դրամով պակաս է պետական բյուջե հարկ վճարել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը եւս այս տարի ավելի քիչ հարկ է վճարել: Այս բուհը 2018թ. առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակաս է հարկ վճարել` ավելի քան 64.3 մլն դրամով: Մանկավարժական համալսարանը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 374 մլն 378 հազար 300 դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 438 մլն 753 հազար դրամ:
Նույն կարգավիճակում է նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե կատարել է 425 մլն 681 հազար դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 569 մլն 818 հազար դրամ: Այսինքն` այս բուհը մեկ տարվա ընթացքում հարկերը 144 մլն 137 հազար դրամով նվազեցրել է: Իսկ ահա ագրարային համալսարանը հարկային վճարումներն ավելի քան 99 մլն դրամով է նվազեցրել. 2018-ի առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 288 մլն 851 հազար դրամ, 2017-ի նույն ժամանակահատվածում` 387 մլն 913 հազար դրամ: Այս խնդիրը առկա է նաեւ մարզային բուհերում: Օրինակ` Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանն այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 88 մլն 61 հազար դրամի, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում` 95 մլն 509 հազար դրամի չափով հարկ ու տուրք: Անցած տարվա առաջին կիսամյակում Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամը պետական բյուջե կատարել է 119 մլն 293 հազար դրամ հարկային վճարումներ, իսկ այս տարվա առաջին կիսամյակում` 93 մլն 665 հազար 500 դրամ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում օր օրի ահագնացող արտագաղթն իր դառը հետեւանքներն է թողնում Հայաստանի տարբեր ոլորտներում: Այն բացասական է ազդել նաեւ կրթական համակարգի վրա: Կարելի է ասել, որ մեր հանրապետությունում կաթվածահար վիճակ է: Ըստ որոշ մասնագետների` վերջին տարիներին հայաստանյան որոշ բուհերի ուսանողների թիվը զգալի նվազել է: Հավանաբար սա է պատճառը, որ համալսարանները նվազեցրել են հարկերը: Չէ որ ուսանողների վարձավճարների հաշվին են նաեւ գոյանում հարկերը:

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրելով պաշտոնական վիճակագրությունը` պարզեց, որ դիմորդների թիվը տարեցտարի նվազում է: Այսպես` եթե 2015-2016 ուսումնական տարիներին ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերն ունեցել են 18 հազար 61 դիմորդ, 2016-2017-ին նրանց թիվը կազմել է 17 հազար 649: Իսկ ահա 2017-2018 ուսումնական տարիներին ունեցել ենք 8 հազար 266 դիմորդ: Այս պատկերը խիստ մտահոգություններ է առաջացրել հատկապես կրթական ոլորտի մասնագետների մոտ: Նրանք համոզված են, որ ուսանողների նվազումը վատ հետեւանք է թողնելու կրթական համակարգի վրա, ինչի պատճառով բուհերը առաջիկայում կկանգնեն ֆինանսական մի շարք խնդիրների առաջ: Չէ որ բուհերը հիմնականում գոյատեւում են ուսանողների վճարած վարձերով: Մյուս կողմից սպասելի է դիմորդների թվի նվազումը, քանի որ հանրապետությունում պակասել է նաեւ շրջանավարտների եւ, ընդհանրապես, բնակչության թիվը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս