Ասում են, որ շատ անհամբեր եմ. Հասմիկ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է երգչուհի Հասմիկ Կարապետյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա էությանը բնորոշ առանձնահատուկ գծերը: Մեր զրուցակիցը նշել է, թե ինչ է հարկավոր կնոջը գոհացնելու համար, ինչ հատկությամբ պետք է օժտված լինի տղամարդը, որն է սիրել բառի հոմանիշը: Հասմիկը խոսել է նաեւ իր կարիերայի որոշիչ շրջանի, հանդիսատեսի հետ անկեղծ լինելու, բոլոր ժամանակների իր հերոսի եւ այլ թեմաների շուրջ: Երգչուհին խոստովանել է, որ նախընտրում է խորհուրդ տալ, քան լսել, քանի որ ավելի շատ սիրում է խոսել, քան լսել: Նա ասել է, թե որոնք են իր ոգեշնչման աղբյուրները եւ որն է իր լսած կարծրատիպը բեմի մարդկանց մասին:

-Հասմիկ, Ձեր կարիերայի բեկումնային պահը:

-«Ես գնում եմ, սիրելիս» երգի հիման վրա տեսահոլովակի ներկայացումը: Դրանից հետո իսկապես շրջադարձային փուլ սկսվեց:

-Ձեր աստեղային ժամը:

-Այդ երգի թողարկումից սկսած արդեն մեկնարկեց այդ ժամը:

-Ձեզ կարող է ուրախացնել անգամ…

-Անձրեւը` շոգ եղանակին: Այս պահին մտքովս դա անցավ (ծիծաղում է): Ամեն մանրուքից էլ կարող է տրամադրությունս բարձրանալ:

-Բեմ դուրս գալիս ամենակարեւորը…

-Հանդիսատեսի հետ անկեղծ լինելն է: Այլապես մարդիկ զգում են ֆալշը:

-Այս փուլը Հայաստանի համար…

-Մաքրման եւ արդարության հաստատման փուլ է:

-Սիրելի հուշարձանը:

-Ալեքսանդր Թամանյանի արձանը Երեւանում: Շատ երեւանյան է:

-Շարունակեք միտքը. «Նույնիսկ եթե բոլորը դադարեն հավատալ ինձ…»

-Ես չեմ դադարի ստեղծագործել եւ ինքս ինձ կարեւորել:

-Տղամարդու գլխավոր հատկությունը:

-Շատ են, բայց երեւի կառանձնացնեմ այն, որ կինը նրա կողքին պետք է իրեն ապահով զգա:

-Կարծրատիպ բեմի մարդկանց մասին:

-Շատ եմ լսել բեմի եւ արվեստի մարդկանց մասին կարծրատիպեր, բայց համաձայն եմ դրանցից մեկին` բեմի մարդիկ խենթ են, ես կասեի` ոչ միայն բեմի մարդիկ, այլեւ, առհասարակ, տաղանդավորները: Հաճախ դրա համար նրանց շատ բաներ ներվում են: Բայց խոսքն իսկապես տաղանդավորների մասին է, ոչ թե ամեն տեղից վեր կացողի:

-Նախընտրում եք խորհուրդ տա՞լ, թե՞ լսել:

-Ավելի շատ` տալ, քանի որ խոսել եմ շատ սիրում, ցավոք սրտի (ծիծաղում է), բայց, կարծում եմ, լսելը մարդուն ավելի է պետք գալիս:

«Սիրել» բառի հոմանիշը` ըստ Ձեզ:

-Լինել ներդաշնակ ինքդ քեզ հետ: Դա է խթանում ապրելուն:

-Բոլոր ժամանակների Ձեր հերոսը:

-Չէի ասի հերոսը, բայց ազդեցիկ կերպարը Հիսուս Քրիստոսն է:

-Կնոջը գոհացնելու համար հարկավոր է…

-Ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա` իր առավելություններով եւ թերություններով հանդերձ: Հատկապես, որ այդ թերությունները հաճախ, ըստ իս, առավելություններ են (ծիծաղում է):

-Երեք աղբյուր Ձեր ոգեշնչման համար:

-Դուստրս` Տաթեւը, սիրելը, սիրահարված լինելը եւ կյանքում հանդիպող հուզիչ դրվագները:

-Ձեր բնավորության մի գիծ, որից սովորաբար դժգոհում են մտերիմները:

-Ասում են, որ ես շատ անհամբեր եմ: Երեւի այդպիսին եմ ծնվել (ծիծաղում է):

-Եթե փախուստ, ապա…

-Դատարկությունից եւ միապաղաղ կյանքից, անտարբերությունից:

-Ձեր ամենահայտնի մականունը:

-Չեմ ունեցել, բայց շատերը մինչեւ օրս էլ ինձ ասում են Հասիկո: Ինձ թվում է` եթե նույնիսկ հարյուր տարեկան դառնամ, կշարունակեն ինձ այդպես անվանել (ծիծաղում է):

-Քաղաքականությամբ հետաքրքրվում եք, որովհետեւ…

-Ժողովրդիս մի մասնիկն եմ, եւ սիրտս ցավում է նրա համար: Անտարբեր մնալ չեմ կարող, բայց շատ խորանալ էլ չեմ ուզում:

-Շարունակեք միտքը. «Կյանքը պայքար է, բայց պետք չէ մոռանալ…»

-Մարդ մնալու մասին, որովհետեւ այդ պայքարի ընթացքում դու կարող ես բոլորի վրայով քայլել ու անցնել: Չպետք է դա թույլ տալ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս