ՀԱՐՑ. Եթե թոշակառուն մեկ տարի չի ստանում իր թոշակը, ապա ինչպե՞ս կարող է ստանալ չվճարված կենսաթոշակի գումարը: Խնդրում եմ ներկայացմել մանրամասն:
Խաչիկ Ավագյան (քաղաք Հրազդան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու` օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում:
Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Եթե կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով (բանկի միջոցով), ապա կենսաթոշակառուն չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու հարցով պետք է դիմի այն բանկին, որտեղից վճարվում է կենսաթոշակը, իսկ եթե կենսաթոշակը վճարվում է կանխիկ եղանակով (փոստային բաժանմունքի միջոցով), ապա կենսաթոշակառուն չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու հարցով պետք է դիմի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության տարածքային բաժին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում` կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը, կամ կազմակերպությունը փոխելու համար: Դիմումը ներկայացնելուն նախորդող ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են դիմումում նշված եղանակով (բանկի կամ կազմակերպության միջոցով):
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: