Ինչու է Շանթ Հարությունյանը շարունակում բանտում մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արժեքների հեղափոխության գործով դատապարտված Շանթ Հարությունյանը շարունակում է բանտում մնալ։ Այս գործով օրենքի շրջանակներում Հարությունյանին ազատ արձակելու տարբերակներից մեկն էլ համաներում կիրառելն է, կամ պարզապես ներում շնորհելը:

Սակայն նման որոշում դեռեւս չկա։ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ ակնկալում են նոր իշխանությունների որոշումն այս հարցում, եւ դա պետք է զուտ քաղաքական որոշում լինի ոչ թե համաներում շնորհելու, այլ արդարացնելու Շանթ Հարությունյանին։ «Այս հարցում արձագանք դեռեւս չկա։ Կառավարությունից որեւէ մեկը չի հետաքրքրվել այս հարցով: Միայն ՄԻՊ֊ից են վերջերս այցելել՝ ընդհանուր հարցերի հետ կապված։

Եվ եթե կառավարությունը խոսում է արդարադատության մասին, եւ նշվում է, որ դատական համակարգը պետք է արդար լինի, մենք տեսնում ենք, թե որքանով է արդար»,֊ասաց Ռուզաննա Բադալյանը։ Այս գործը ներկայում Եվրադատարանում է, եւ Բադալյանի խոսքով՝ իրենք պետք է սպասեն կա՛մ այս ատյանի որոշմանը, որն, ըստ իրեն` կարդարացնի, կա՛մ էլ պետք է սպասեն՝ մինչեւ լրանա Հարությունյանի կալանավորման ժամկետը։ Հիշեցնենք, որ այդ ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերին։




Լրահոս