Հանրահավաքը գովազդի վա՞յր. ինչու են բոլորը պաստառներով գնացել հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին որոշ քաղաքացիների ձեռքին կարելի էր տեսնել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, որոնց վրա խաչ էր քաշված: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի սկզբում դիմեց այս եւ նմանատիպ այլ պաստառներով քաղաքացիներին. «Այսօր քանի որ միասնության օր է, խնդրում եմ, իջեցրեք բոլոր պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որեւէ մեկի: Սա հայ ժողովրդի միասնության հանրահավաքն է»:

Վարչապետի ուղերձն ավելի քան պարզ էր: Պետք է նշել, որ ներկայում որոշ քաղաքացիների շրջանում դեռեւս շարունակվում է այն պրակտիկան, երբ մարդիկ գնում են հանրահավաք` ավելի շատ լուսանկարվելու, սեփական ներկայությունն ապացուցելու համար` դրա դիմաց ունենալով որոշակի ակնկալիքներ: Սա կարելի է եզրակացնել` ելնելով այն հանգամանքից, որ հանրահավաքին որոշ մարդիկ եկել էին այս կամ այն ընկերության պաստառով` գովազդելով իրենց, միաժամանակ ցույց տալով վարչապետին եւ կառավարությանը, որ նրանց հետ են: Էլ չենք ասում մարզերի, համայնքների անունից պարզած ցուցապաստառների մասին: Սեփական «գովազդն» ապահովելու նկրտումները նորություն չեն. դրանք նկատվեցին 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին, երբ որոշ անձինք ոչ թե մտահոգված էին սահմանին տիրող իրավիճակով, այլ գնում էին զորամասեր կամ սահման` լուսանկարվելու եւ այդպիսով իրենց ներկայությունն արձանագրելու համար: Պատահական չէ, որ նման անձանց անվանեցին «սելֆիդայի», «ֆեյսբուքի ֆիդայի»:

Սակայն, թերեւս, պետք է հեղափոխություն տեղի ունենա նաեւ մարդկանց մտածելակերպի մեջ, որպեսզի նրանք գիտակցեն, որ խնդիրը չպետք է լինի պարզապես ձեւական մեթոդներով որեւէ բան ապացուցելը, այլ եթե հանրահավաք են գնում, դա արվի` որպես քաղաքացի սեփական դիրքորոշումը տեղ հասցնելու համար: Ու մի բան էլ՝ եթե ոմանք հույս ունեն նոր կառավարության կողքին կանգնելով` չնախատեսված արտոնություններ ստանալ, հիասթափություն է սպասվում. Փաշինյանը հայտարարել է, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, բոլորը՝ առանց բացառության:

Հ.Գ.Նախկին իշխանությունների օրոք նման դրսեւորումները ոչ միայն խրախուսելի էին, այլեւ պարտադիր` «ներկա-բացակայի» գործը հեշտացնելու համար: Բայց Փաշինյանի հանրահավաքին որեւէ մեկին ստիպողաբար չէին բերել. մարդիկ իսկապես հաճույքով, ինքնակամ էին քայլ արել:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս