ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԿՈՂՆԵՐԸ ԴԵՌ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Քրեական գործը, ինչպես հայտնի է, հարուցվել է սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով: Մեղադրանքներն էլ առաջադրված են այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀ ԶՈւ շտաբի պետի տեղակալ Յուրի Խաչատուրովին: Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ հետագայում հարուցվելիք քրեական գործերն ու բացահայտումները չեն սահմանափակվելու միայն սահմանադրական կարգը տապալելուն կամ բանակը ներգրավելուն: Մասնավորապես, ենթադրվում է, որ կլինեն այլ բացահայտումներ, բազմաթիվ դրվագներ, որոնք առավել քան սերտորեն փոխկապակցված են մարտիմեկյան այդ դեպքերի հետ:

Մեկ բացահայտում արդեն իսկ արվել է. վերաբերում է արդարությանը խոչընդոտելուն: Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել եւ մեղադրանք առաջադրվել 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին` հենց վերը նշված հոդվածով: Մասնավորապես, երբ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ՍԴ-ում վիճարկում էր ընտրությունների արդյունքները, Արմեն Գեւորգյանը փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավորներից Վալերի Պողոսյանի վրա: Այդ քրեական գործը հիմա միացվել է մայր գործին, քննվում է մեկ վարույթում:
Նկատենք, սակայն, սրանով բացահայտումները չեն սահմանափակվելու: Եւ ՀՔԾ-ն դեպքերի ընթացքին խորամուխ լինելու դեպքում ականատես է լինելու այլ հանցագործությունների: Այդպիսի եզրակացության կարող ենք հանգել նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` «Օրակարգից դուրս» հաղորդման ընթացքում արված հայտարարություններից: Նախ նա հաստատեց, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործից բացակայել է հայտնի 0038 հրամանը: Իսկ նման կարեւոր փաստաթղթին ուշադրություն չդարձնելը, այն գործով չուսումնասիրելը ենթադրում է, որ փորձ է արվել պարտակելու հանցագործությունը: Ըստ ՀՔԾ պետի` այդ հրամանը գործում հայտնվել է միայն վերջերս։ Ընդ որում` Սասուն Խաչատրյանն իր խոսքում նշեց, թե այդ փաստաթուղթը բավականին ամուր հիմք էր եւ հենց դրա համար էլ բացակայել է քրեական գործից: «Այս հրամանը մեղադրանքը շատ կուռ, ամուր հիմք է: Դրա համար էլ չի եղել գործում: Միայն այս մեղադրանքը խոսում է, որ զինված ուժերը ներգրավված են եղել մարտի 1-ի իրադարձություններում, ընդ որում` դրանք ներգրավվել են ոչ թե մարտի 1-ին, ինչպես իշխանություններն էին պնդում, թե վիճակը վերահսկողությունից դուրս է եղել: Ստորագրվել է փետրվարի 23-ին եւ վերնագրված է այսպես. «ՀՀ գրագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», – նշել էր ՀՔԾ պետը:
Այն, որ այս անչափ կարեւոր փաստաթուղթը չի եղել գործում, վկայում է, որ նախկին իշխանությունները պարզապես որոշել են թաքցնել իրականությունը: Ասել է թե` գործ ունենք հանցագործության պարտակման հետ: Ի վերջո, մամուլում եւ փաստահավաք խմբի զեկույցներում 0038 հրամանի մասին եղել են հրապարակումներ, ու նախաքննական մարմինը պետք է վերաբերմունք դրսեւորեր:
Չի բացառվում, որ վաղը պարզվի՝ քրեական գործից բացակայում են այլ կարեւոր փաստաթղթեր եւս՝ կապված կրակոցների, դրանց վերաբերյալ փորձաքննությունների արդյունքների հետ:
Ու հիմա ՀՔԾ-ն հատկապես Սասուն Խաչատրյանի հայտարարություններից հետո պետք է առանձին ուսումնասիրություն կատարի պարզելու՝ ում հրահանգով եւ ինչու 0038 հրամանն այս գործում չի եղել: Ու եթե ՀՔԾ-ն գնա իրադարձությունների հետքերով, միգուցե մեղադրանք առաջադրվի ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին: Ի վերջո, հենց նրանք են եղել նախաքննության «գլխին կանգնած» պաշտոնյաները, որոնք ի պաշտոնե իրավունք են ունեցել ուղղորդելու նախաքննության ընթացքը, տալու հանձնարարականներ եւ այլն: Բայց այդ երկու պաշտոնյաները, հիշում եք, ամեն կերպ փորձել են քրեական գործն ուղղորդելով հակառակ ուղությամբ, որպեսզի մեղքը բարդվեր այն ժամանակվա ընդդիմության վրա:
Հիմա կգնա՞ ՀՔԾ-ն հանցագործությունը պարտակելը բացահայտելու ճանապարհով ու որպես մեղադրյալ կներգրավի նախկին գլխավոր դատախազին եւ քննչական խմբի նախկին ղեկավարին, ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում, մինչեւ հիմա տեղի ունեցած դեպքերը հույս են ներշնչում, որ մարտի 1-ի գործով իրապես համալիր քննություն է ընթանում, եւ մեղավորներն անպատիժ չեն մնա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ՀՀԿ-Ի ՍՏՈՐԱԳՐՈՂՆԵՐԸ
ՀՀԿ խմբակցությունը երեկ ի վերջո հրապարակեց այն 41 պատգամավորների ցանկը, ովքեր միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությանը: Հատկանշական է, որ ստորագրահավաքին չեն միացել ոչ միայն խմբակցությունը կամ կուսակցությունը լքած 8 պատգամավորները՝ Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը, Արթուր Գեւորգյանը, Նահապետ Գեւորգյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը, այլ նաեւ խմբակցության անդամ հանդիսացող եւս 9 պատգամավոր: ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թիվը 50 է: Եվ հետաքրքիր է, որ այդ 9 հոգու մեջ կան նաեւ հին հանրապետականներ եւ Գործադիր մարմնի անդամ: Այսպիսով, ՀՀԿ խմբակցության անդամ հանդիսացող եւ ստորագրահավաքին չմիացած պատգամավորներն են` Հակոբ Բեգլարյան, Ռաֆիկ Գրիգորյան, Գեւորգ Կոստանյան, Մուրադ Մուրադյան, Արման Սաղաթելյան, Ալիկ Սարգսյան, Սեյրան Սարոյան եւ Հակոբ Հակոբյան` Կիլիկիայի Հակոբ: Հետաքրքիր է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Կնյազ Հասանովը նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե Դիլիջանում է, չի միացել ստորագրահավաքին եւ խնդրեց իրեն չանհանգստացնել, քանի որ հանգստանում է: Սակայն երեկ հրապարակված ցանկում կար նաեւ նրա անունը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց պատգամավորից պարզել` ինչ է իրականում եղել: Այս անգամ Հասանովն ասաց, որ միացել է ստորագրահավաքին` պատճառաբանելով. «Խմբակցություննա, որ ասումա` ո՞նց չմիանանք»: Ի դեպ, հիշեցնենք, որ Հայաստանում գտնվող ՀՀԿ խմբակցության պատգամավորներին հրահանգված է եղել գալ, ստորագրել, այնուհետեւ միայն երկրից դուրս գալ հնարավոր խնդիրներից խուսափելու համար:

 

 

ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂՔԸ
Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուրովը ազատ է արձակվել գրավի դիմաց եւ մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարելու: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Յուրի Խաչատուրովից փորձեց մեկնաբանություն ստանալ այս գործի վերաբերյալ: «Երբ ինձ հարցրել են, այն ժամանակ ես ասել եմ` ես մեղավոր չեմ: Էլ ի՞նչ եք ուզում, ուզում եք` խոսե՞ք, ձայնս լսե՞ք»,- ասաց Յուրի Խաչատուրովն ու անջատեց հեռախոսը:

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ:

 

 

ԵՄ-Ն ՍԱՏԱՐՈՒՄ Է
Եվրամիությունը հայտարարություն է տարածել 2008թ. ռուս-վրացական կարճատեւ պատերազմի տասնամյակի կապակցությամբ` ընդգծելով, որ անվերապահորեն հավատարիմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը: ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության պատասխանատու Ֆեդերիկո Մոգերինիի գրասենյակի հրապարակած հայտարարությունում ասված է. «Եվրոպական միությունը սատարում է Վրաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դժբախտաբար, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսական ռազմական ներկայությունը շարունակվում է, եւ դա հակասում է միջազգային նորմերին եւ 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության աջակցությամբ Ռուսաստանի կնքած համաձայնագրից բխող պարտավորություններին»:

 

 

ԱՊԱՀՈՎԵԼ Է ԿՐԹԱԹՈՇԱԿՈՎ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել է, որ «Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին «Իմ քայլ»-ը հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով: Ըստ նրա` խոսքն ուսումնառության միայն առաջին տարվա մասին է: «Եվս 5 երեխայի հարց քննարկվում է, գործընթացը չի կանգնել, մեզ շարունակում են դիմել: Մենք սա արել ենք արտակարգ պայմաններում»,-ասել է Ա. Հակոբյանը: Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրենը հայտարարել էր իր եւ հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին:

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով քրգործ է հարուցվել: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` նախարարության պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները, այսինքն` չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման եւ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները: Արձանագրված խախտումը առերեւույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քր. օր. 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրգործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:




Լրահոս