Հարց քաղաքացիներից` ինչո՞ւ քաղաքացին «տուն» բառի պատճառով չի կարող ստանալ մանկավարժական թոշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աշխատել եմ մանկավարժ երաժշտական դաստիարակության տանը, որը գործել է հանրակրթական դպրոցում: 2001թ. աշխատել եմ նաեւ հանրակրթական դպրոցում, ունեմ 29 տարվա մանկավարժշական ստաժ: Դիմել եմ տարածքային սոցիալական բաժին, որտեղից տեղեկացրել են, որ «տուն» բառը չկա, եւ ես չեմ կարող ստանալ մանկավարժական թոշակ: Խնդրում եմ պարզաբանել` ինչո՞ւ չեմ կարող ստանալ մանկավարժական թոշակ:

Հասմիկ Վարդանյան (ք. Երեւան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին, եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի» 27-րդ կետի համաձայն` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպությունում այդ իրավունքը տվող մասնագիտություններով ու պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

Վերը նշված ցանկում «Երաժշտական դաստիարակության տուն» կազմակերպությունը նշված չէ, հետեւաբար այդ կազմակերպությունում աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվել չի կարող:

Ելնելով վերոգրյալից` մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ առնվազն 12 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ չունենալու պատճառով Հ. Վարդանյանին այդպիսի կենսաթոշակ նշանակել հնարավոր չէ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս