ՊԵԿ պաշտոնյայի` եկամուտ չունեցող կինը թանկարժեք զարդ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանի կինը, չնայած զրոյական եկամուտին, անցած տարում թանկարժեք զարդ է գնել: «ժողովուրդ» օրաթերթը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ Ռուզաննա Քյարամյանը անցած տարում 10 հազար դոլարով գնել է ոսկյա, ադամանդե եւ այլ թանկարժեք քարերից պատրաստված զարդ: Նրա դրամական միջոցները կազմել են 26 հազար դրամ եւ 46 հազար դոլար: Իսկ փոխառությունը տարեվերջին կազմել է 4000 դոլար: Պարզվում է` նախորդ տարում գնումներով զբաղված է եղել նաեւ դատախազ ամուսինը` Արգիշտի Քյարամյանը, ով 1.5 մլն դրամով ձեռք է բերել «Mercedes-Benz C 180» մակնիշի ավտոմեքենա:

Նրա դրամական միջոցները նախորդ տարում կազմել են 32 մլն դրամ, 48 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որն ամսական կազմել է 389 հազար դրամ: Անցած տարեվերջին փոխառության գումարը կազմել է 6000 դոլար: Բայց սա դեռ ամենը չէ. պաշտոնը ստանձնելիս Քյարամյանը նշել է, որ ունի անհատական բնակելի 2 տուն, 4 հողամաս, հողին ամրակցված այլ անշարժ գույք, մեկ ավտոտնակ: Քյամարյանը հայտարարագրել է նաեւ 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք զարդ: Նշենք, որ Քյարամյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի` Ալիկ Բանդուրյանի մեղադրող դատախազն էր: Մեկ փաստ էլ. հետաքրքիր է` 27-ամյա Քյարամյանն ինչպե՞ս է հասցրել այդքան ունեցվածք կուտակել, եթե չի եղել բիզնեսմեն, այլ մշտապես պետական պաշտոններ է զբաղեցրել իրավապահ համակարգում` աշխատելով քննիչ, դատախազ:




Լրահոս