«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա էությանը ամենաբնորոշ գծերը: Լիլին խոսել է իր կյանքի ամենավառ պահերի մասին, նշել, թե ինչի համար է ափսոսում, իր կյանքի որ որոշումն է դժվարությամբ կայացրել եւ ինչ կարեւոր խորհուրդներ է ստացել իր ծնողներից: Լիլին տվել է լավ ընկերոջ եւ սիրող տղամարդու բանաձեւերը:
-Լիլի՛, Ձեր արտասանած առաջին բառը:
-Չգիտեմ, երեւի «մամա»:
-Գույն, որը բարձրացնում է Ձեր տրամադրությունը:
-Կարմիրը. նախ, որովհետեւ այն շատ է սազում ինձ (երբ կարմիր եմ հագնում, լրիվ ուրիշ մարդ եմ դառնում), եւ հետո կարմիրն իր մեջ շատ տարբեր խորհուրդներ ունի՝ կյանքի, կրքի…Կարմիրը բնավորություն ունի:
-Հիշելով դպրոցական տարիները՝ ափսոսում եք, որ…
-Լավ չեմ սովորել: Կարող էի ավելի շատ ջանք թափել: Հիմա փորձում եմ այնպես անել, որ դուստրս այդ բացթողումը չունենա: Օրինակ՝ մաթեմատիկայից ես «զրո էի»: Ուսուցչուհիս ասում էր. «Լիլի, դու զրոյական վեկտոր ես» (ծիծաղում է): Փոխարենը շատ էի սիրում լեզու եւ գրականություն, բոլոր այն առարկաները, որոնք տանում էին դեպի թատրոն:
-Շարունակեք միտքը. «Նա, ով իսկապես քո ընկերն է…»
-Կստիպի քեզ դառնալ ավելի լավը, քան դու կաս:
-Եթե չլինեին «Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը»…
-Կյանքն անհետաքրքիր կլիներ:
-Ձեր ծնողները մի շատ կարեւոր բան են սովորեցրել Ձեզ…
-Շատ բաներ են սովորեցրել, բայց ամենակարեւորն այն է, որ պետք է սիրել Աստծուն եւ փորձել մարդու մեջ տեսնել դրականը, նրա լավագույն հատկանիշները, ոչ թե թերությունները:
-Ոչինչ այնքան չի կոտրում մարդուն, որքան…
-Հիասթափությունը:
–Ո՞ւմ կենսագրությունն է մշտապես հիացրել Ձեզ:
-Տարբեր մարդկանց կարող եմ նշել, բայց այս պահին կառանձնացնեմ Վիլյամ Սարոյանին: Նրա մարդասիրությունն իսկապես հիացնում է եւ օրինակ է ինձ համար:
-Ինքներդ Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Չգիտեմ (ծիծաղում է), ես բամբասանքներին ուշադրություն չեմ դարձնում, քնում եմ եւ մոռանում եմ դրանք:
-Շարունակեք միտքը. «Տղամարդը սիրում է քեզ, եթե…»
-Հոգ է տանում քո մասին:
-Ամենազվարճալի քաղաքական գործիչը:
-Երկուսին կառանձնացնեմ՝ Արմեն Աշոտյան եւ Գալուստ Սահակյան:
-Եթե նոր նախարարություն բացեիք, այն կկոչվեր…
-«Արվեստագետների եւ արվեստից հասկացողների նախարարություն»:
-Շարունակեք միտքը. «Կրոնը ստեղծվել է, որպեսզի…»
-Դասակարգի հավատքը: Կրոնը դեռ հավատք չէ: Հավատքն ավելի խորը, լայն եւ ազատության ձգտող հասկացություն է:
-Որոշում, որը դժվարությամբ եք կայացրել:
-Շատ են այդպիսի որոշումները, բայց երեւի ամենացայտուններից մեկը ռեժիսուրական բաժին ընդունվելն էր: Սկզբում շատ էի ուզում դերասանական բաժին ընդունվել, բայց հայրս ասաց, որ լավ երեւակայություն ունեմ եւ ուղղորդեց ռեժիսուրայի բաժին: Չեմ ափսոսում դրա համար. հիմա ե՛ւ ռեժիսոր եմ, ե՛ւ դերասան, իսկ հակառակ դեպքում կախված կլինեի որեւէ ռեժիսորից:
-Մի բան, որ դպրոցում երբեք չեն սովորեցնում:
-Շնորհակալ լինել: Երեւի դա սովորեցնելը ծնողների գործն է:
-Հոգեվիճակ, որից վախենում եք:
-Եղբորս կարոտելը, այդ անդառնալիության եւ կորստի զգացումը՝ թաթախված կարոտի մեջ, ուղղակի անտանելի է:
-Նշեք Ձեր կյանքի երեք ամենավառ պահերը:
-Իմ ծնվելը, ամուսնությունը եւ երեխաներիս ծնունդը:
-Ո՞ր ֆիլմի գլխավոր դերում կխաղայիք:
-«Սիրունիկը» ֆիլմում, Ջուլիա Ռոբերթսի փոխարեն (ծիծաղում է): Հաճույքով այդ կերպարը կմարմնավորեի:
-Եվ վերջում՝ այս հարցերից ո՞րը Ձեզ ամենաշատը դուր եկավ:
-Վերջինը. դե, դերասանին ի՞նչ է պետք՝ հարցնել իր նախընտրելի դերերի մասին…
Աննա Բաբաջանյան