«Պրոֆեսորների» հուշարձան-շենքը կխուսափի՞ վտանգից. փոխնախարարի մեկնաբանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ճարտարապետներն ու պարզապես Երեւանի քաղաքացիներն ահազանգեցին, որ Աբովյան 32 հասցեում գտնվող Պրոֆեսորների շենքը, որն ընդգրկված է ՀՀ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես տեղական նշանակության հուշարձան, վտանգված է։

Բանն այն է, որ շենքում իրականացվում էր թիվ 17 բնակարանի նոր մուտքի բացում. տեղի էր ունենում հուշարձանի փոփոխում։ Բնակիչները հերթական անգամ ստիպված էին պայքարել, որ բնակելի շենքը չդառնար բիզնես կենտրոն։ Չունենալով բնակիչների համաձայնությունը՝ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատերը շինարարություն էր սկսել՝ շենքի դիմային մասից նոր մուտք բացելու եւ հետագայում բնակարանը բիզնես նպատակով օգտագործելու համար։ Մշակույթի նախարարությունը դադարեցրել էր շինարարական աշխատանքները եւ ուսումնասիրում էր փաստաթղթերի ընթացակարգը։

Հիշեցնենք, որ համաձայն «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ հուշարձանների քանդումն արգելվում է։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանից հետաքրքրվեց՝ ինչ փուլում են աշխատանքները, եւ ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել գերատեսչությունը հուշարձանը պահպանելու ուղղությամբ։ Նա մեզ տեղեկացրեց, որ ոստիկանության հետ համատեղ դադարեցրել են թիվ 17 բնակարանի մուտքի բացման աշխատանքները, միեւնույն ժամանակ հուշարձանի փոփոխման հարցով մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին՝ որպես շահագրգիռ մարմնի՝ պարզելու՝ խախտվել են արդյո՞ք քաղաքաշինական, նորմատիվատեխնիկական նորմերը, թե ոչ:

«Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը 2018-ի հուլիսի 31-ին դիմել է Երեւան քաղաքի ոստիկանություն՝ աշխատանքները չշարունակելու պահանջով։ Դրանք դադարեցված են եւ կարող են շարունակվել միայն սահմանված կարգով՝ շահագրգիռ գերատեսչությունների (ՀՀ քաղաքաշինության եւ կադաստրի կոմիտեներ) եզրակացությունների, որից հետո՝ տարածքային կառավարման թույլտվության դեպքում։ Սակայն, նախնական տվյալներով, աշխատանքներ իրականացնելու համար բավարար հիմքեր չկան։ Մեր տեղեկությամբ՝ Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել 2018-ի մայիսի 3-ին տրված շինարարության թույլտվությունը»,-ասված է փոխնախարարի պատասխանում։

Նա նաեւ հաղորդել է, որ փաստաթղթերի ընթացակարգի ուսումնասիրության համաձայն` շահագրգիռ մարմինների կարծիքները եւ տարածքային կառավարման նախարարության թույլտվություններն առկա չեն։ Հարցին, թե, ի վերջո, հուշարձանին որեւէ վտանգ սպառնում է, թե ոչ, փոխնախարարը պատասխանել է. «Հուշարձանի փոփոխման որեւէ վտանգ չի սպառնում»։

Նշենք, որ Աբովյան 32 հասցեում գտնվող Պրոֆեսորների շենքը կառուցվել է 1934 թվականին անվանի ճարտարապետ Սամվել Սաֆարյանի նախագծով։ Շենքում ապրել եւ ստեղծագործել են ՀՀ մշակույթի, գիտության, պետական ականավոր գործիչներ, այդ թվում՝ Ազգային պատկերասրահի հիմնադիր, արվեստաբան Ռուբեն Դրամբյանը, անվանի լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը, հայտնի վիրաբույժ Համբարձուկ Քեչեկը, հայ արվեստի դասականներ Գաբրիել Գյուրջյանը, Սեդրակ Առաքելյանը, Փանոս Թերլեմեզյանը, գրողներ Ստեփան Զորյանը, Վահան Թոթովենցը, Զապել Եսայանը, երգչուհի Հայկանուշ Դանիելյանը, կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը եւ այլք։

Աննա Բաբաջանյան




Լրահոս