ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ո՞ր դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն։ Ի՞նչ է անհրաժեշտ, ի՞նչն է հիմք հանդիսանում անժամկետ հաշմանդամություն ձեռք բերելու համար։
Սուսաննա Մարգարյան (59 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս․ Մարգարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է՝
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետեւանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով եւ օրգանիզմի օրգանների եւ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառոումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 1-ին խմբի հաշմանդամներին եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողներին հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներին հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով: Վերոնշյալ չափանիշներով պայմանավորված` անձին կարող է սահմանվել անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը` մինչեւ 18 տարին լրանալը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: