«Ժողովուրդ» օրաթերթն օգոստոսի 22-ի իր համարում գրել էր, որ Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ծավալվող բողոքի ակցիաների թիկունքում ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն է կանգնած, որն ինչ-ինչ առնչություն ունի նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Հիշեցնենք, որ Կոմբինատը պայքարում է Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ: Եւ հիմա այդ գործին ոչ միայն Արա Սաղաթելյանն է լծվել, այլեւ հարազատները: Նպատակն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության առաջ խնդիրներ ստեղծելն է:
Պատահական չէ, որ Սաղաթելյանի եղբայրը` երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը, ակտիվորեն մասնակցել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումներին եւ մշտապես ակտիվ է եղել այս թեմայի շրջանակներում: Այս առիթով փորձեցինք պարզաբանում ստանալ Արա Սաղաթելյանից: «Անհեթեթ, հիմար տեղեկություն է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Սաղաթելյանը` վստահեցնելով, որ նման բան չկա: Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի ծրագրի այլընտրանքային հանրային փորձաքննության վերաբերյալ թեմաները ներկայացնողներից մեկը հենց Արմեն Սաղաթելյանն է եղել:
Իհարկե, այն զգայուն թեմա էր, եւ թեեւ նյութում առկա էր Արա Սաղաթելյանի պարզաբանումը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ-ից հավելյալ պարզաբանում է ստացել, որում ասվում է. «Պաշտոնապես հայտնում ենք, որ հոդվածում Արա Սաղաթելյանին վերագրվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Անտեղի շահարկումներից խուսափելու համար նշենք, որ Արա Սաղաթելյանի եղբայրը` միջազգային մեծ ճանաչում ունեցող երկրաբան, գիտնական Արմեն Սաղաթելյանը, դեռեւս 2012 թվականից ներգրավված է եղել Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված հնարավոր ռիսկերի ուսումնասիրության գործընթացում»։
Օպերատիվ կերպով արձագանքեց նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը: Տպավորությունն այնպիսին էր, որն նույն զույգն է գործում: Իսկ ինչ է ուզում կոմբինատը: Մեզ ուղարկված պատասխանում նշված է. «Հերքում. «Ժողովուրդ» օրաթերթի` օգոստոսի 22-ի թիվ 145 համարում հրապարակված «Չի՞ ուղղորդել» վերնագրով հոդվածը պարունակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության վերաբերյալ: Կոմբինատը որեւէ կերպ չի խոչընդոտում «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությանը եւ Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացմանը»:
Մենք հրապարակեցինք հերքումը, թեեւ բոլոր իրավունքներն ունեինք այդպես չվարվելու, մանավանդ որ լուրի մեջ առկա էր Արա Սաղաթելյանի պարզաբանումը: Սակայն մենք դրսեւորեցինք բարի կամք եւ հրապարակեցինք այն: Բայց ամեն դեպքում փաստերն ավելի խոսուն են, քան թղթի վրա մրոտած մտքերը:
Փաստ 1. Արա Սաղաթելյանի եղբոր պայքարի ապացույցներն անհերքելի են. օրինակ մայիսի 29-ին «Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը» անվամբ բաց նամակ է ուղարկված եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ այդ բաց նամակի տակ ստորագրողներից մեկն էլ հենց եղել է Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը: Ի դեպ, Արա Սաղաթելյանը մեզ ուղարկած պարզաբանման մեջ եւս հաստատում է եղբոր մասնակցության փաստը:
Փաստ 2. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կոմերցիոն տնօրենը եղել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: Նա ու Արա Սաղաթելյանը մտերիմ ընկերներ են, եւ այն հին պատմություն ունի: Մասնավորապես 2010-ից մինչ 2014 թվականը Հակոբյանն աշխատել է խորհրդական ՀՀ նախագահի աշխատակազմում։ Խոսքը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) մասին է, որի տնօրենն էր Արա Սաղաթելյանը:
Փաստ 3. Մարզպետ եղած ժամանակ Վահե Հակոբյանն ուղղաթիռից էր օգտվում հենց Կոմբինատի հաշվին: Նախկին մարզպետն այն ժամանակ հայտարարել էր, որ նա պարզապես բարիդրացիական հարաբերությունների մեջ է կոմբինատի ղեկավարության հետ եւ հարմարեցնելով իր գրաֆիկը թռիչքի գրաֆիկի հետ` կարողանում է օգտվել ուղղաթիռից:
Փաստ 4. «Լիդիան Արմենիա» ընկերությունը հուլիսի 27-ին տեսանյութ էր հրապարակել, որում հստակ երեւում էր, թե ինչպես է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով՝ նրա իսկ վարորդը Ամուլսարի շահագործման դեմ պայքարողներին եւ ճանապարհ փակողներին սնունդ մատակարարում։
Այս թվարկած փաստերից հետո կարող ենք արձանագրել մեկ բան. հերքում տարածելը դարձել է ավանդույթ. պալատականին վայել անպատկառությամբ նրանք շարունակում են հերքել անհերքելին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ