ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի գյուղերի բնակիչները հայտնվել են ծանր դրության մեջ: Գյուղերում արդեն տեւական ժամանակ է՝ հավերի, ճտերի, հնդկահավերի մասսայական անկման դեպքեր են գրանցվել: Ըստ ֆերմերների` նախնական տվյալներով հավերը անկում են ժանտախտ հիվանդությունից:
«Ժողովուրդ» օրաթերթին գյուղացիները պատմել են, որ թռչունների հերձումից հետո պարզվել է՝ ներքին օրգանները ախտահարված են եղել սեւ բիբարի հատիկների նմանվող գոյացություններով: Մեզ հայտնի դարձավ, որ տարածքային անասնաբույժներն այս օրերին այցելում են գյուղացիների տներ եւ հավերին ակտիվ պատվաստումներ անում: Հուսանք` այսպես իրավիճակը հնարավոր կլինի կանխել: Իսկ թե այս ընթացքում թռչունների անկումից գյուղացիները որքան վնաս են կրել, դեռ հաշվարկված չէ: